Ապատիան ընդունված է համարել դեպրեսիայի ախտանշաններից մեկը, սակայն գործունեության ցանկացած տեսակի նկատմամբ մարդու մոտ մոտիվացիայի բացակայությունը, վատ տրամադրությունն ու երկարատեւ ապատիան կարող են նաեւ ազդարարել սրտի ու մի շարք այլ հիվանդությունների առկայության մասին: Այս մասին հայտնում են բրիտանացի գիտնականները լոնդոնյան Royal Free Hospital հիվանդանոցից:
Գիտնականների կարծիքով շուրջն ամեն ինչի նկատմամբ անտարբերությունը առանց պատճառի չի առաջանում: Եթե մարդը էնտուզիազմ չունի, նրա դեմքին ժպիտ չկա, դա կարող է վկայել նաեւ կենսական օրգաններում ֆունկցիոնալ փոփոխությունների առկայության մասին: Եվ խոսքը միայն սրտի ու անոթների խնդիրների մասին չէ: Գիտնականները հավաստիացնում են, որ ապատիան հանգեցնում է փոփոխությունների ուղեղի որոշակի գոտիներում, ինչը նեվրոլոգիական խանգարումների, օրինակ Փարքինսոնի հիվանդության պատճառ է դառնում:
Օքսֆորդի համալսարանից մեկ այլ գիտնականի՝ Մասուդ Հուսանի խոսքով, ապատիայով ու ծուլությամբ տառապող մարդկանց մոտ սովորաբար դեպրեսիա են ախտորոշում, այն դեպքում երբ իրականում խնդիրը որեւէ օրգանի հիվանդությունն է: Գիտնականների խոսքով, շատ կաեւոր է դեպրեսիան տարբերել այլ խնդիրներից, որոնց պատճառով հիվանդի մոտ ապատիա է սկսվում, չէ՞ որ այդ բոլոր վիճակները տարբեր ձեւերով են բուժում. եթե դեպրեսիայի ժամանակ հաճախ են հակադեպրեսանտներ նշանակում, ապա սոմատիկ հիվանդությունների հետեւանքով առաջացած ապատիայի դեպքում նման դեղորայքները չեն օգնում:






