«Դեղերի մասին» նոր օրինագծի համաձայն, դեղերը կնշանակվեն միայն ազդող նյութի անունով եւ միայն բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, այս կամ այն դեղամիջոցը թողարկում է ընդամենը մի ընկերություն կամ էլ ծանրակշիռ պատճառներ կան կոնկրետ արտադրողի դեղ նշանակելու համար, եւ դա հնարավոր կլինի սոսկ բժշկի կողմից գրավոր լուրջ հիմնավորման դեպքում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանը այս հարցի վերաբերյալ ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը եւ այժմ նման սխեմա կներդրվի նաեւ Հայաստանում:
Նրա խոսքով, երբ մարդն իր դեղատոմսով գա դեղատուն, դրա աշխատակիցը պիտի համակարգչի էկրանի վրա ցույց տա այդ ազդող նյութով դեղատանն առկա բոլոր դեղամիջոցները` արտադրողի եւ գների նշումներով: Ավելին, հավելել է նա, այդ ամբողջ տեղեկատվությունը մատչելի կլինի նաեւ համացանցում: «Մարդն ինքը կընտրի դեղը` իր գրպանի պարունակությանը համապատասխան, եթե իր միջոցներով է գնում դա: Իսկ եթե դա այնպիսի դեղ է, որի արժեքը փոխհատուցում է պետությունը, նրան տեղեկություն կտրամադրվի այն մասին, թե դեղամիջոցներից որի համար է վճարում պետությունը», - ասել է նա: Փոխնախարարը հավելել է, որ դա միակ միջոցն է պայքարելու այն երեւույթի դեմ, երբ դեղագործական ընկերությունները բոլոր հնարավոր մեթոդներով հետաքրքրում են բժիշկներին, որպեսզի նրանք հենց իրենց արտադրած դեղամիջոցները նշանակեն:
«Այս երեւույթը, ցավոք սրտի, գոյություն ունի եւ այն հատուկ է ոչ միայն Հայաստանին: Դրա տարբեր դրսեւորումներ առկա են նույնիսկ ամենազարգացած երկրներում: Մենք փորձել ենք այդ հարցը կարգավորել այնպիսի եղանակով, որպեսզի նման երեւույթները նվազագույնի հասցվեն: Նոր օրենքում կետ կա նաեւ դեղերի գովազդի մասին, որի համաձայն, արգելվում է բժիշկների շրջանում գովազդային ակցիաներ իրականացնել, նրանց դեղամիջոցների խմբաքանակներ նվիրել եւ այլն», - ասել է Սերգեյ Խաչատրյանը: Նա նշել է, որ ընկերություններն իհարկե պիտի զբաղվեն իրենց դեղամիջոցների մարկետինգային առաջմղմամբ, բայց դրա հնարավորությունները պիտի կարգավորված լինեն, դեղագիտական ընկերությունների կազմակերպած բոլոր համաժողովները պիտի գիտական բնույթ կրեն:
Նշենք, որ «Դեղերի մասին» նոր օրենքը ներկայումս Ազգային Ժողովում է եւ նախատեսված է դրա առաջին ընթերցումն իրականացնել դեկտեմբերի կեսին: Օրենքը վերջնականապես կընդունվի մինչեւ հաջորդ տարվա հունիսը:






