Գենետիկ հազվագյուտ խանգարման պատճառով 39-ամյա կինը, որի անունը չեն տալիս, երբեք ցավ չէր զգացել: Հիվանդի մոտ բացակայում էին իոնային Nav1.7 ուղիները: Նման մուտացիա ունեցող մարդիկ ցավի զգացողություն չեն ունենում, ինչը, իհարկե, լրջորեն բարդացնում է նրանց կյանքը. նրանք հաճախ տառապում են այրվածքներից, կտրվածքներից եւ այլ վնասվածքներից ու կարող են նույնիսկ չիմանալ դա:  

Երբ հայտնի դարձավ, որ հենց Nav1.7 ուղիներն են պատասխանատու ցավի ընկալման համար, մի շարք ցավազրկող դեղամիջոցներ  հայտնվեցին, որոնք ի վիճակի են արգելափակել դրանք, սակայն ոչ մի դեղամիջոցը չի կարող ամբողջությամբ արգելափակել ցավի զգացողությունը: 

Ջոն Վուդը Լոնդոնի համալսարանական քոլեջից ու նրա գործընկերներն ուսումնասիրում էին նման դեղերի ազդեցությունը այնպիսի մկների վրա, որոնք զուրկ են Nav 1.7-ից: Պարզվել է, որ ցավ զգալու կարողությունից զուրկ կենդանիների մոտ բարձր էր օպիոդային պեպտիդների արտահայտվածության աստիճանը, որոնք բնական ցավազրկողներ են համարում: 

Հեղինակները ենթադրել են, որ հնարավոր է վերադարձնել ցավ զգալու կարողությունը` օգտագործելով այնպիսի դեղամիջոց, որն արգելափակում է օպիոիդային պեպտիկների աշխատանքը: Իրոք, նալոկսոնի ներմուծումը, որը օգտագործվում է օպիոիդների ազդեցությունը մեղմելու համար, հանգեցրել է նրան, որ մկները սկսել են ցավ զգալ: 

Այս մեթոդը փորձարկվել է նաեւ հիվանդների վրա: Նալոկսոնի շնորհիվ բժիշկ Վուդի հիվանդն իր կյանքում առաջին անգամ կարողացել է ցավ զգալ. նա լազերի ազդեցությունից հետո ցավի զգացողություններ է ունեցել: 

Հետազոտողները վստահ չեն, թե հնարավոր է նալոկսոնի եւ համանման դեղամիջոցների օգտագործումը լուծում համարել ցավի հանդեպ անզգա հիվանդների համար, որովհետեւ դրանց երկարաժամկետ ընդունումը կարող է լուրջ կողմնակի հետեւանքներ առաջ բերել: