Հիվանդների թվի ավելացման պատճառը նստակյաց կյանքն է, սխալ սնունդը եւ ճարպակալումը, պնդում են բրիտանացի բժիշկները: Նրանք նկատել են, որ վերջին 7 տարվա ընթացքում միզաքարային հիվանդությամբ հիվանդների թիվը 20 տոկոսով մեծացել է:
Բժիշկ Բհասկար Սոմանին եւ նրա գործընկերները Southampton General Hospital-ից ուսումնասիրել են գրեթե 220 000 հիվանդի տվյալները եւ կապ են հայտնաբերել նյութափոխանակային համախտանիշի եւ միզաքարային հիվանդության զարգացման ռիսկի հետ:
Գիտնականները նկատել են, որ նյութափոխանակային համախտանիշով մարդիկ տառապում են ավելորդ քաշից, ինչպես նաեւ առողջական այլ լուրջ խնդիրներից` արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակից, բարձր զարկերակային ճնշումից եւ շաքարախտներից: Ճարպակալման պատճառներից մեկը վատ սնունդն է մեծ քանակությամբ աղի, շաքարի եւ կիսաֆաբրիկատների օգտագործումը: Այդ ամենը, պարզվում է, ոչ միայն նպաստում է ավելորդ կիլոգրամներ հավաքելուն, այլեւ նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը: Հեղինակները նշում են, որ միզաքարային հիվանդության զարգացման գործում սննդի եւ ֆիզիկական ակտիվության դերը հաճախ թերագնահատում են:
Գիտնականները նշում են, որ քարերի առաջացման ռիսկի նվազեցնելուն կօգնի օրական 2-3 լիտր ջուր օգտագործելը: Իսկ այն հիվանդները, որոնց երիկամներում անցյալում արդեն եղել են քարեր, պիտի 3 լիտր ջուր խմեն քարերի կրկնակի առաջացումից խուսափելու համար:






