Իր բնությամբ մարդն այնպես է ստեղծված, որ ճարպ է կուտակում, պնդում են Մեծ Բրիտանիայի Հադերսֆիլդի համալսարանի գիտնականները: Հենց այդ պատճառով էլ մարդկանց համար այդքան դժվար է լինում ավելորդ քաշից ազատվելը:   

Մենք նրա համար ենք ստեղծված, որպեսզի ուտենք եւ այդ հիմնային պահանջն ապահովում է մեր գոյատեւումը: Մարդն իր ախորժակի վերահսկման բարդ համակարգ ունի: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգ պահպանող մարդկանց արյան մեջ ժամանակի ընթացքում աճում է այն հորմոնների շրջանառության մակարդակը, որոնք ազդում են ախորժակի աճի վրա, ինչն էլ ապահովում է քաշի վերականգնումը: 

Հադերսֆիլդի համալսարանի գիտնական Մեթյու Հեյնսի կարծիքով, ավելորդ ճարպը պահպանվում է հենց մարդու օրգանիզմի կողմից, որը չի ուզում այն հանձնել:  Դա բացատրվում է բացառապես էվոլյուցիոն գործընթացներով, որովհետեւ մեր հեռավոր նախնիները այնքան էլ կանոնավոր չէին սնվում, դրա համար էլ նրանց անհրաժեշտ էր ուժերը պահպանել մինչեւ հաջորդ որսը: Իսկ օրգանիզմում ավելորդ ճարպն ապահովում է այդ ուժը:  

«Մեր ֆիզիոլոգիայի ըմբռնման համար պիտի հասկանանք հոմեոսթազը` կենսաբանական համակարգի ինքնակարգավորվելու կարողությունը, պատմում է բժիշկ Հեյնսը: Օրգանիզմում ճարպի քանակի փոփոխությունը ռեակցիա է առաջացնում, որը նպաստում է կորսված կիլոգրամների վերադարձին: Բայց նույն բանը տեղի չի ունենում ավելորդ քաշի առաջացման դեպքում:  Մարդու օրգանիզմը միշտ վատ բան է սպասում, օրինակ` սով, կամ էլ նախապատրաստվում է ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակի, ինչի համար անհրաժեշտ է էներգիան»:

Քանի դեռ մեր շրջապատը կնպաստի ճարպակալման զարգացմանը, այդ խնդիրը չի անհետանա, համարում է գիտնականը: Մենք այլեւս չենք կարող հույս դնել մարմնի զանգվածի կարգավորման մեր բնազդների վրա: Դրա համար անհրաժեշտ է ինտելեկտի վրա հույս դնել: