Սելեկտիվ աբորտները գենդերային բռնության ձեւերից եւ դրսեւորումներից մեկն են, չէ՞ որ հղիությունն առավել հաճախ ընդհատում են, երբ պտուղն աղջիկ է:  Ինչպես նշել է Մարինե Ադամյանը  «Առանց բռնության հասարակություն» ՀԿ-ից, Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառը մեր հասարակության հոգեմտածողության մեջ է: 

Հայկական ընտանիքներում, ընդ որում` անկախ կրթվածության աստիճանից եւ եկամտից, տղաներին, որպես կանոն, ավելի են գնահատում եւ ավելի շատ հնարավորություններ են տալիս, քան աղջիկներին: Հենց այդ պատճառով էլ շատերը ցանկանում են, որ ավելի շատ տղաներ ծնվեն: Ինչպես նշել է Մարինե Ադամյանը, կնոջը հաճախ բեռ են համարում, իսկ տղամարդը համարվում է ցեղի շարունակող, խնդիրներ լուծող եւ ընտանիք պահող մարդ:  Պատկերացման բոլոր այդ կարծրատիպերը Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների են հանգեցնում եւ այն խնդիրներին, որ ներկայումս առկա են մեր հասարակությունում: Այդ աբորտների հետեւանքով, ըստ մասնագետների գնահատականի, Հայաստանում ամեն տարի չի ծնվում 3000-3500 աղջիկ:

Մարինե Ադամյանը հիշեցրել է տխուր վիճակագրությունը, որի համաձայն, ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցությամբ Հայաստանը երրորդ տեղում է Չինաստանից եւ Ադրբեջանից հետո:  Նորմայի համաձայն, ամեն 100 աղջկա դիմաց 104-106 տղա է ծնվում, իսկ Հայաստանում` 114: Ավելին, Հայաստանի որոշ շրջաններում այդ խնդիրը նույնիսկ ավելի լուրջ է, քան մյուսներում: Օրինակ` Գեղարքունիքի մարզում ամեն   100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում, դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է: 

Մի քանի տարի անց դա կարող է մեզ ժողովրդագրական աղետի հասցնել, հիշեցնում է Մարինե Ադամյանը: 

Հիշեցնենք, որ այսօր քննարկվում է սեռով պայմանավորված աբորտները օրենսդրորեն արգելելու հարցը, սակայն շատ մասնագետներ վստահ են, որ սելեկտիվ աբորտների խնդրի միակ լուծումը հոգեմտածողության եւ աղջիկներին ու կանանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է: