Հայաստանում հոկտեմբեր ամսից մինչ օրս A(H1N1) (խոզի գրիպ) գրիպով վարակման երեք դեպք է արձանագրվել: Ինչպես դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այդ երեք դեպքը հիմք չեն տալիս խոսելու բռնկման, առավել եւս` համաճարակի վտանգի մասին:
«Այս թվերը վիճակագրության սահմաններում են, բռնկման վտանգ չկա, բոլոր երեք դեպքերըն ընթանում են թեթեւ տարբերակով, կյանքին սպառնացող վտանգ չկա», - ասել է նա:
Նախարարը նշել է, որ գրիպի այդ տեսակով վարակման դեպքեր ամեն տարի են արձանագրվում ամբողջ աշխարհում եւ վերջերս հանդիպում են հիվանդության թեթեւ ձեւերը:
Ինչ վերաբերում է պատվաստանյութին, նա նշել է, որ Հայաստանում գրիպի դեմ պատվաստում է իրականացվում, ամեն տարի նոր պատվաստանյութեր են ստացվում, սակայն ուղղակի անհնար է պատվաստել գրիպի բոլորշտամների դեմ:
Հիշեցնենք, որ վերջերս խոզի գրիպի բռնկում էր արձանագրվել հարեւան Իրանում: Դրա հետ կապված` Հայաստանի Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ խոզի գրիպը վերջերս այլեւս չունի պանդեմիկ այն ներուժը, որն առկա էր 2009-ին:






