Անգլիական Արեւմտյան Սուսեքսի կոմսության 25-ամյա բնակչուհի Ռեյչել Քուկը այսպես կոչված նիհարեցնող հաբերի հերթական զոհն է դարձել: Ինչպես պարզել է SUN պարբերականի հետաքննությունը, այսօր հեշտությամբ հնարավոր է մահացու վտանգ ներկայացնող նիհարեցնող հաբեր ձեռք բերել առցանց:
Ռեյչելը երկար փորձում էր հղիանալ: Բժիշկները նրան ասել էին, որ եթե կարողանա ազատվել ավելորդ քաշից, բեղմնավորման շանսերը կաճեն: Աղջիկն ամենատարբեր սննդակարգեր է փորձել, որոնք արագ արդյունք չեն տվել եւ այդ ժամանակ որոշել է դիմել կասկածելի հաբերի:
Ռեյչելը մի բանկա դինիտրոֆենոլի հաբեր է գնել` դեղամիջոց, որն օգտագործվում է պայթուցիկների, մազերը ներկելու եւ սնկասպան նյութերի մեջ: Այս հաբը հաճախ վաճառում են որպես դիետիկ միջոց, սակայն բժիշկները համարում են, որ դինիտրոֆենոլը ծայրաստիճան վտանգավոր է մարդու առողջության համար:
Դինիտրոֆենոլով հաբեր վաճառողները պնդում են, որ դրանք արագացնում են նյութափոխանակությունը` օգնելով ավելի շատ ավելորդ կալորիաներ այրել: Սակայն դեղահաբերի ընդունումից արդեն մի քանի օր անց Ռեյչելին հիվանդանոց են տեղափոխել շնչահեղձությամբ եւ ստամոքսում ծանրության զգացումով: Հետագայում նրան դուրս են գրել եւ նա մահից 4 օր առաջ դարձյալ բժշկի է գնացել:
Բժիշկը նրան խորհուրդ է տվել դադարեցնել դինիտրոֆենոլի ընդունումը, չէ՞ որ նման «դիետիկ հաբերից», որոնք կարելի է համեմատել մկան դեղի հետ, մարդիկ մահանում են: Ռեյչելը չի լսել նրան եւ որոշ ժամանակ անց մահացել է սրտի սուր անբավարարությունից: Բժիշկները երկու ժամ փորձել են վերակենդանացնել նրան, սակայն` անարդյունք:
Հարցն այն է, որ դինիտրոֆենոլի վաճառքը չի վերահսկվում, չնայած Մեծ Բրիտանիայում որոշ մահերի հետ նրա կապին եւ այն բանին, որ Ինտերպոլի իրազեկման առարկա է դարձել, որը հրապարակվել է 190 երկրում: SUN-ի քննիչները կարողացել են համացանցի միջոցով չարտոնագրված սինթետիկ քիմիական նյութերի մեծ խմբաքանակ գնել մի քանի րոպեի ընթացքում:
Մասնագետները հերթական անգամ հիշեցնում են, որ դինիտրոֆենոլը թույն է, ոչ թե դիետիկ դեղ, եւ այն ընդունողները ուղղակի մոտեցնում են սեփական մահը: Իսկ այն մարդկանց, որոնք իրոք ցանկանում են նիհարել, անհրաժեշտ է ճիշտ սնվել եւ սպորտով զբաղվել:






