Հեմոֆիլիան ժառանգական ծանր հիվանդություն է, որը թանկարժեք բուժում է պահանջում, առանց որի հիվանդին սպառնում է եթե ոչ մահ, ապա հաշմանդամություն եւ անաշխատունակություն:  Հայաստանում հեմոֆիլիայի բուժման կազմակերպման գործում   ընթացիկ տարվա ձետքբերումներն են այսօր քննարկել մասնագետ հեմատոլոգները, հանրային ոլորտի ներկայացուցիչները եւ իրենք` հիվանդները իրենց խնամակալների հետ: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարությանը կից Հեմատոլոգիայի կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը,  2015-ին Հայաստանը հեմոֆիլիայով հիվանդներին բուժօգնության բարելավման երկամյա ծրագրի շրջանակում   «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» (NNHF) հիմնադրամից 97 000 շվեյցարական ֆրանկ է ստացել (մոտ 43.5 մլն դրամ): Ծրագրի շրջանակում բժիշկ հեմատոլոգ Հեղինե Խաչատրյանը վերապատրաստում է անցել Իտալիայում, իսկ լաբորատորիայի համար, որում հեմոֆիլիա են ախտորոշում, նոր սարքավորումներ են գնվել  (ագրեգոմետր` տարածաշրջանում միակը, կոագուլոմետր եւ ֆրիզեր), որոնց շնորհիվ հնարավոր է որոշել հեմոֆիլիայի տարատեսակը  (ինչպես նաեւ Վիլլեբրանդի հիվանդություն ախտորոշել), մակարդելիության գործոնների թիվը եւ դրանց նկատմամբ հակամարմինների առկայությունը: 

Գնվել են նաեւ սոնոգրաֆիայի համար շարժական սարքավորումներ, որոնց օգնությամբ հնարավոր է ոչ միայն հեմոֆիլիայի բարդացումների ախտորոշում կատարել, այլեւ ստուգումներ իրականացնել երկրի շրջաններում: Ստեղծվել է նաեւ հեմոֆիլիայով հիվանդների ռեեստր, հիվանդների եւ նրանց հարազատների համար շատ օգտակար տեղեկություններ պարունակող կայք եւ հեմոֆիլիայի բուժման` միջազգային ստանդարտներին համապատասխանող ուղեցույց: 

Ինչպես նշել է Սմբատ Դաղբաշյանը, այսօրվա դրությամբ Հեմոֆիլիայի կենտրոնում մոտ  300 հիվանդ է գրանցված, իսկ անոթային խնդիրներով բոլոր հիվանդները մասնագետների վերահսկողության տակ են: 

«Եկող տարի նախատեսում ենք 3-5 բարդ վիրահատություն իրականացնել հեմոֆիլիայից վնասված անոթների վրա, ինչը կօգնի հիվանդներին հանել հաշմանդամային բարդ վիճակից: Նախատեսում ենք  ամեն տարի   5 նմանատիպ վիրահատություն կատարել, ինչով կօգնենք կանխարգելել անոթների վիճակի հետ կապված բարդացումները, իսկ հիվանդները, իրենց գործոնները ստանալով, կկարողանան լիարժեք ինտեգրվել հասարակությանը », - նշել է Հեմատոլոգիայի կենտրոնի ղեկավարը: 

Ինչ վերաբերում է հեմատոլոգիայի բուժման ոլորտի խնդիրներին, պրոֆեսոր Դաղբաշյանը նշել է, որ մակարդելիության գործոնների անբավարարության խնդիրը  դեռեւս բավականին այժմեական է, չնայած այնքան սուր ու լուրջ չէ, որքան նախկինում: Առողջապահության նախարարության եւ Հեմոֆիլիայի Համաշխարհային Կազմակերպության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր ստանում է 8 եւ 9 գործոնները, որոնք անհրաժեշտ են հեմոֆիլիայի բուժման համար: Ճիշտ է, այդ գործոնները շատ թանկ արժեն. տարվա ընթացքում մեկ հիվանդի բուժման համար 40-50 000 դոլարի գործոններ են անհրաժեշտ: Իսկ եթե հիվանդին վիրահատություն է անհրաժեշտ, բուժման արժեքը զգալիորեն աճում է եւ կարող է հասնել 100 000 դոլարի: 

«Մեր առաջիկա պլանների մեջ է մտնում մեծացնել դրանց թիվը, որպեսզի հեմոֆիլիայով յուրաքանչյուր հիվանդ կարողանա ստանալ անհրաժեշտ բուժումը», - նշել է Սմբատ Դաղբաշյանը: