Այսօրվա դրությամբ Հայաստանում գրիպի 3 տեսակի հարուցիչ են արձանագրում.   H1N1 (այսպես կոչված խոզի գրիպը), H3N2 եւ В տեսակի գրիպ: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: 

Ինչպես նշել է վարակաբանը, այս տարի Հայաստանում   H1N1-ի 3 դեպք է արձանագրվել, սակայն լուրջ բարդացումներով հիվանդներ չեն եղել  գրիպի ոչ այս, ոչ էլ այլ տեսակների պատճառով: Ինքը` H1N1 գրիպն այսօր այլեւս այնքան վտանգավոր չէ, որքան նախկինում էր եւ այլեւս պանդեմիկ ներուժ չունի: Նշենք, որ անցնող տարում այս հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Գլխավոր վարակաբանի կարծիքով, բացառված չէ, որ այս տարի այլ դեպքեր էլ են եղել, սակայն հիվանդները տանն են տարել հիվանդությունը եւ բժշկի չեն դիմել, այդ պատճառով էլ չեն գրանցվել: 

Հիշեցնենք, որ Իրանում  H1N1 գրիպի բռնկում էր գրանցվել. վերջին երեք շաբաթվա ընթացքում երկրի երկու նահանգում խոզի գրիպից 33 մարդ է զոհվել: 

Ինչպես նշել է վարակաբանը, Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը մնում է նորմայի սահմաններում: Սովորաբար նոյեմբերին գրիպի եւ շնչառական սուր վարակների դեպքերի թիվը մեծանում է, հետո աստիճանաբար նվազում է: Այս հիվանդությունների հաջորդ բարձրակետը սովորաբար փետրվարին է լինում: