Ներկայումս Հայաստանում ամեն շաբաթ գրիպի եւ սուր շնչառական վարակների մոտ 2300-2400 դեպք է գրանցվում: Համեմատության համար նշենք, որ 2013-ի նույն սեզոնին ամեն շաբաթ այդ հիվանդությունների 3000 եւ ավելի դեպք էին գրանցում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների Համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնին Հայաստանում անցկացվող ամենշաբաթյա մոնիտորինգի տվյալների համաձայն, իրավիճակը ներկայումս նորմայի սահմաններում է, իսկ հիվանդացման դեպքերն ավելի շատ չեն, քան անցյալ տարիներին:

Ինչ վերաբերում է այսօր Հայաստանում տարածված հարուցիչներին, Լիանա Թորոսյանը նշել է A(H1N1) գրիպի ենթատեսակները, В տեսակի գրիպի հարուցիչները, ադենոհարուցիչները, ռինոհարուցիչները եւ շնչառա-սինցիտիալ հարուցիչը: Այս տարի երկրում A(H1N1) գրիպի 4 դեպք է արձանագրվել, ընդ որում դեպքերից մեկը հենց այսօր է հայտնաբերվել:

Այսօր նաեւ շտապօգնության կանչերի բավականին մեծ քանակություն է գրանցվում ինչպես գրիպի թեթեւ տեսակների եւ սուր շնչառական վարակների պատճառով, այնպես էլ այլ խնդիրների: Որոշ դեպքերում հիվանդներին հիվանդանոց են տեղափոխում, սակայն   լուրջ բարդացումներով դեպքեր չկան: Այս տարի գրիպից մահվան մեկ դեպք է գրանցվել, սակայն հիվանդը նպաստող ծանր հիվանդություններ ուներ: Մնացած դեպքերում հիվանդները (ինչպես նաեւ նրանք, ում մոտ այսպես կոչված խոզի գրիպ  A(H1N1) են հայտնաբերել) առողջացել են եւ բարեհաջող դուրս են գրվել: