Բնակչության առողջական խնդիրների 80 տոկոսը պիտի լուծվի առողջապահության առաջնային օղակում եւ պիտի ծածկվի ընտանեկան բժշկության համակարգով, պնդում է Երեւանի Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, որը Հայաստանում ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրման ակունքներում է եղել: NEWS.am Medicine-ի թղթակցի առարկությանն առ այն, թե իրավիճակը ճիշտ հակառակն է, ռեկտորը պատասխանում է` մեծ քաղաքներում, մայրաքաղաքում: Շրջաններում իրավիճակը լրիվ այլ է, նրա գնահատականով ընտանեկան բժշկի ինստիտուտն այստեղ լիովին կայացել է:
«Առաջնային բժշկական օղակը առողջապահական համակարգի ամբուլատոր օղակն է, երբ հիվանդը տանն է, ոչ թե հիվանդանոցում, եւ այլցելում է բժշկին: 1997-ից Հայաստանում ընտանեկան բժշկության ներդրումն ուղղված էր հենց առողջապահության առաջնային օղակի բարեփոխմանը: Դա բազմամակարդակ ծրագիր էր, որն իր մեջ մի քանի բաղադրիչ էր ներառում, որոնցից ամենակարեւորը կրթականն էր:
Երեւանի բժշկական համալսարանում ընտանեկան բժշկության ամբիոն է բացվել, որի վարիչն եմ եղել 14 տարի: Համաշխարհային բանկի առողջապահության հարցերով ԾԻԳ-ի, Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Երեւանի բժշկական համալսարանի, ինչպես նաեւ օտարերկրյա փորձագետների համատեղ ջանքերով մշակվել է ընտանեկան բժշկի որակավորման բնութագիր:
Գործընթացն իրականացվել է մի քանի ուղղությամբ. վեցամյա բազային ուսուցումից անմիջապես հետո կլինիկական օրդինատուրայում ընտանեկան բժիշկների պատրաստում եւ տեղամասային թերապեւտների եւ ընդհանուր մանկաբույժների վերաորակավորում որպես ընտանեկան բժիշկներ: Նրանց այնպես են նախապատրաստում, որ կարողանան որակյալ առաջնային բուժօգնություն ցույց տալ անկախ հիվանդի տարիքից, սեռից եւ նրա ունեցած խնդիրներից: Այսպիսով` առողջական խնդիրների 80 տոկոսը պիտի ծածկվի ջեներալիստի/ ընտանեկան բժշկի կողմից (general practices/ family medicine), երբ ընտանիքը դիտարկվում է որպես պացիենտ», - ասում է Միքայել Նարիմանյանը:
Ռեկտորի խոսքով, սկզբունքորեն կարեւոր է սահմանազատել առաջին եւ առաջնային օգնությունները: Առաջին օգնությունը եւ մինչբժշկական եւ բժշական անհետաձգելի օգնությունն է: Առաջնայինն այն բուժօգնությունն է, որը նախորդում է նեղ մասնագիտական բուժօգնությանը եւ բժշկական բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ բուժօգնությանը: «Բնակչության առողջության պահպանման առաջնային օղակի կայացման արդյունքում բնակչության մոտ առաջացած խնդիրները 80 տոկոս դեպքերում պետք է լուծվեն հենց առաջնային օղակում», - դարձյալ նշում է նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ընտանեկան բժշկի ինստիտուտն ինչու է կայացել Հայաստանի շրջաններում, բայց չի կայացել մայրաքաղաքում, Միքայել Նարիմանյանը համարում է, որ դա մենեջմենթի: Մայրաքաղաքում պահպանվել են պոլիկլինիկաները իրենց խորհրդային կառուցվածքով, նեղ մասնագետներով, որոնք այդպես էլ վերաորակավորում չեն անցել, իսկ փոքր գյուղերում աշխատող բժիշկներն այսպես թե այնպես «ջեներալիստ» էին: «Նրանք մինչ այդ էլ բուժօգնություն էին տրամադրում բոլոր խնդիրների համար: Իսկ այժմ դրա համար համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ ունեն եւ ինչը պակաս կարեւոր չէ, իրավական ապահովում՝ արտոնագիր՝ ամեն տեսակ առողջական խնդիրների դեպքում բուժօգնություն տրամադրելու համար», - ասում է նա` հավելելով, որ առաջնային օղակում ընտանեկան բժիշկի եւ նեղ մասնագետի աշխատանքները չպետք է կրկնօրինակվեն: Ընտանեկան բժիշկը պիտի իմանա, թե որն է իր տարածքը, իսկ նեղ մասնագետը պիտի նրանից արդեն մասնագիտական տեսանկյունից վերամշակված նյութ ստանա եւ աշխատի արդեն ի հայտ բերված խնդրի հետ:
«Այսպիսի սուր իրավիճակ պատկերացրեք. ձեռքը ցավում է: Եթե ձախ ձեռքն է, սովորաբար սրտի կաթվածի մասին ենք մտածում: Ընտանեկան բժիշկը պիտի իրականացնի այդ ալգորիթմը: Եթե սրտի կաթված է, հիվանդին ուղարկում է հիվանդանոց, եթե ոչ, պիտի հասկանա` նյարդաբանական ինչ-որ խնդի՞ր կա: Եթե իր գիտելիքների ծավալը հերիքի գլուխ հանել, տա Աստված: Եթե ոչ, մասնագետի կներգրավի, բայց արդեն հերքված կլինի սրտի կաթված ախտորոշումը: Բայց պատկերացրեք` եթե հիվանդն անմիջապես նյարդաբանին դիմի: Այդ ամենը պիտի նյարդաբա՞նն անի», - ասում է նա:
«Չէ՞ որ հիմա հենց այդպես է լինում», - հերթական առարկությունն է:
«Բայց մենք հենց դրա համար ենք այստեղ նստած, որ սովորեցնենք, թե ինչպես պետք է լինի», - պատասխանում է Միքայել Նարիմանյանը:
Նրա խոսքով, համալսարանն իր մոտեցումները ներդրել է մանկական երկու պոլիկլինիկայում, որոնք նրա իրավասության տակ են, մեկը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, երկրորդը` «Մուրացան» համալիրում: Այդ պոլիկլինիկաների բոլոր մանկաբույժները 10 տարվա ընթացքում ընտանեկան բժշկի որակավորում են ստացել: Ավելին, այստեղ հետաքրքիր մոտեցում է ներդրվել, որը հաջողությամբ կիրառվում է Ռուսաստանում եւ արեւմտյան երկրներում: «Ամեն շաբաթ օր ժամը 11-ից սկսած, մինչեւ հիվանդների հոսքի դադարելը, առաջատար պրոֆեսորներն ամբուլատոր օղակում անվճար խորհրդատվական օգնություն են տրամադրում: Եվ պրոֆեսորներն ընտրում են, թե ում է հենց այսօր խնդրի լուծում անհրաժեշտ, իսկ ում` լրացուցիչ հետազոտություններ: Այդպես ընտանեկան բժշկությունն ամրապնդվում է նաեւ պրոֆեսորական հեղինակությամբ», - պատմում է նա:
Ռեկտորի խոսքով, աշխարհում արդեն այլ պրակտիկա էլ է կիրառվում. որոշակի նեղ մասնագիտացմամբ ընտանեկան բժշկի առկայությունը (family doctor with special interest in…): Եվ բժշկական համալսարանը պատրաստ է իր կրթական տոկոսը ներդնել այդ խնդրի իրականացմանը` ընտանեկան բժիշկներին լրացուցիչ ինչ-որ բան սովորեցնելուն` շարունակական մասնագիտական կրթության համապատասխան փուլեր ներդնելով:
Ռեկտորը հավելում է, որ ուսուցումից բացի, համալսարանը պիտի հոգ տանի նաեւ իր ուսանողների աշխատանքի տեղավորմանը, եւ բուհն այժմ լրջորեն զբաղվում է մարկեթինգով` պարզելու, թե որտեղ եւ ինչ մասնագիտացումների պակաս է զգացվում եւ տեսնելու, թե ինչով են զբաղվում համալսարանի շրջանավարտները, որոնք այն ավարտել են, ասենք, 20 տարի առաջ: Որպեսզի լավ ուսանողները գնան առաջնային օղակ, պետք է այն ավելի գրավիչ դարձնել բոլոր առումներով, վարձատրության առումով եւս, համաձայնում է նա, բայց դրա վրա վերջակետ է դնում. «Դա արդեն իմ տարածքը չէ»:






