Հանրային առողջապահությունն ուղղված է այն բանին, որ հիվանդություններ ընդհանրապես չառաջանան, այսինքն` հիվանդությունների առաջնային կանխարգելմանը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Նա նշել է, որ առաջնային կանխարգելում հասկացության սահմանման մեջ նուրբ պահ կա, որովհետեւ գոյություն ունի երկրորդային եւ նույնիսկ երրորդային կանխարգելում:

«Դա հիվանդության առաջացման կանխարգելումն է, սրացման կանխարգելումը եւ բարդացման կանխարգելումը: Այդ թվում նաեւ` կյանքի համար վտանգավոր:  Իսկ դրանով արդեն պիտի զբաղվի հիվանդանոցի բժիշկը: Դրա համար գոյություն ունի կանխարգելման հասկացություն ընդհանուր առմամբ, այսինքն առաջնային, եւ գոյություն ունի կլինիկական կանխարգելում հասկացությունը: Օրինակ` այն մարդիկ, որոնք ռեանիմացիայում պառկած են, եւս լուրջ կանխարգելման կարիք ունեն: Ասենք, եթե հիվանդը պոլիտրավմա ունի, պետք է թույլ չտալ, որ նրա մոտ թոքաբորբ զարգանա: Այստեղ արդեն լրջորեն գործում է թիմային սկզբունքը, որը կարելի է կիրառել նաեւ առաջնային կանխարգելման դեպքում: Բայց պիտի մասնագետներ լինեն ինչպես այստեղ, այնպես էլ`այնտեղ, որոնք պիտի իմանան, թե ինչ անեն», - նշել է նա:

Նրա խոսքով, առաջին հերթին պետք է աշխատել մարդու առողջության հետ:  «Ամերիկյան ասացվածք կա. «Առողջ մարդիկ չկան, կան մինչեւ վերջ չհետազոտվածներ»: Բայց պետք է հետազոտումը կառուցվի այնպիսի ալգորիթմով, որն ուղղված է ոչ թե հիվանդությունների փնտրտուքին, այլ առողջության պահպանմանը:  Ենթադրենք, թե մարդը պաթոլոգիական գեն ունի, պետք է կարողանալ արգելափակել այն: Կամ էլ թույլ չտալ, որ ակտիվանա: Դրանք շատ բարդ խնդիրներ են», - հավելել է բժիշկը:

Նա նշել է, որ դրան է ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության Health-2020 ծրագիրը, որը ներառում է մարդու կենսագործունեության բոլոր կողմերը:  Մասնավորապես` նրա խոսքով, որպեսզի հիվանդություն չառաջանա, պետք է, որ «օդն աղտոտված չլինի, աշխատանքի պայմաններն անվտանգ լինեն, որպեսզի ջուրն ու սնունդը չկարողանան վնաս հասցնել եւ ակտիվացնել պաթոլոգիական գենը, որը մարդն իր կյանք է բերում ծնվելու փաստով»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայեցակարգում նաեւ կրթական համատեքստ կա:  «Բուհը պիտի իր վեցամյա կրթական ծրագրերում ներառի առողջության առաջնային պահպանման եւ առաջնային կանխարգելման հայեցակարգը: Դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ մենք պիտի առողջություն ստեղծենք: 

Առողջություն ստեղծելը եւս աշխատանք է, եւ այդ աշխատանքը պետք է սովորեցնել: Իսկ մենք մինչ օրս հիմնականում սովորեցնում ենք ճանաչել հիվանդությունը եւ բուժել», - ասել է նա:

Միքայել Նարիմանյանը տեղեկացրել է, որ 4 տարի առաջ Երեւանի պետական համալսարանում բացվել է հանրային առողջապահության ֆակուլտետը ուսանողներին հենց նման մոտեցումներ ուսուցանելու համար:

Նա նաեւ պատմել է, որ ԱՀԿ-ի Health-2020 ծրագրի ընդունման ժամանակ Կոպենհագենում է եղել եւ այնտեղ լրջորեն շեշտադրվել է ուսանողներին առողջության գիտություններ սովորեցնելու հարցը:  «Երբ վերադարձա եւ մեր ծրագրերին նայեցի այդ համատեքստում, մեջս հարց առաջացավ: Իսկ մենք ե՞րբ ենք սկսում առողջություն դասավանդել:  Ես սկսեցի այդ հարցը քննարկել գործընկերներիս հետ եւ մենք տարընթերցումներ ունեինք:  Ոմանք կարծում էին, որ առողջության գիտությունը զուտ հիգիենիկ ուղղություն է, ուրիշներն էլ կարծում էին, որ մենք դրա հետ գործ չունենք: Բայց դրա համար փրկօղակ կա:   Իրականում մենք ամբողջ երեք տարի առողջութուն ենք դասավանդում: Իսկ ավելի ճշգրիտ` անատոմիան առողջ մարմինն է, ֆիզիոլոգիան` առողջ գործառույթը, բիոքիմիան` առողջ նյութափոխանակությունը, ձեւաբանությունը` բջջային մակարդակում առողջ կառուցվածքը», - ասել է նա` հավելելով, որ պետք էր ուղղակի այլ դիտանկյունից նայել հարցին:  Ուսանողներին ծրագրային մտածողություն սովորեցնելու համար ներդրվել է այսպես կոչված հետազոտական  կրեդիտը:  Եռամյա ուսուցման գործընթացում ընդհանուր ամբիոններում ուսանողները որոշակի հետազոտություններ են իրականացնում առողջության առաջնային պահպանման վերաբերյալ: Դրանք կարող են նվիրված լինել, օրինակ, քաշի եւ գոտկատեղի պարագծի միջեւ կապին եւ դրա հետ կապված որոշ հիվանդությունների, մասնավորապես` դիաբետի առաջացման ռիսկերին: 

Բժշկական համալսարանը նախատեսել է նաեւ այսպես կոչված մեկ խնդրի հիվանդանոցներ բացել: «Օրինակ, կարող է լինել հազի կլինիկա կամ էլ ավելորդ քաշի: Եթե մարդը հազում է, բազմաթիվ խնդիրներ կարող է ունենալ: Բայց պատահում է, որ հազը միակ խնդիրն է լինում:  Դիֆերենցիալ ախտորոշումը այլ հիվանդաբանություներ չի հայտնաբերել: Երբ խորանում ես խնդրի մեջ, պարզում ես, որ կան բաներ, որոնք հիվանդաբանորեն ձեւակերպված չեն, բայց խնդիր են ստեղծում: Նույնը վերաբերում է ավելորդ քաշին: Դա հիվանդություն չէ, բայց խնդիր է, որը կարող է հիվանդության հանգեցնել», - հավելել է նա:  

Միաժամանակ Միքայել Նարիմանյանը կարծում է, որ «առողջություն ստեղծելու» հարցում մեծ դեր է խաղում ընտանեկան բժիշկների ինստիտուտը: Եվ այն պիտի ծածկի բնակչության առողջության հետ կապված խնդիրների 80 տոկոսը: