Անհասների ռետինապաթիան աչքերի ծանր հիվանդություն է, որը զարգանում է անհաս երեխաների մոտ եւ կարող է հանգեցնել տեսողության ամբողջական կորստի: Ո՞ր երկրներում է այդ հիվանդությունն ամենից ավելի տարածված:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է միջազգային մենթոր, Մեծ Բրիտանիայի Moorfields Eye Hospital, Great Ormond Street Hospital եւ Royal Free London Hospital հիվանդանոցներում աչքի ցանցենու մանկական վիրաբույժ Չեն Սուի Վոնգը, անհասների ռետինոպաթիայի հաճախությունը կախված է երկրում բժշկության զարգացման մակարդակից. որքան երկրում ավելի լավ է զարգացած բժշկությունը եւ որքան ավելի հաճախ է բժիշկներին հաջողվում պահպանել անհաս երեխաների կյանքը, այնքան հաճախ է այդ երկրներում հանդիպում անհասների ռետինոպաթիա: Այն երկրներում, որտեղ անհաս երեխաները սովորաբար ողջ չեն մնում, ռետինոպաթիայի դեպքերը, համապատասխանաբար, անհամեմատ ավելի քիչ են:
Շատ հարցեր, որ վերաբերում են ռետինոպաթիային եւ դրա զարգացման պատճառներին, առայժմ անպատասխան են մնում, սակայն համարվում է, որ անհաս երեխաների մոտ այդ հիվանդությունը սովորաբար ի հայտ է գալիս ցանցենու եւ նրա արյունատար անոթների վնասվելուց. եթե երեխան ժամանակից շուտ է ծնվում, ցանցենու արյունատար անոթները լիակատար զարգացած չեն լինում եւ արտաքին գործոնների ազդեցության տակ սկսվում են խնդիրներ, որոնք ժամանակին ծնված երեխաները սովորաբար չեն ունենում:
Հայաստանում տարեկան ռետինապաթիա կարող է ախտորոշվել մոտ 40-100 երեխայի մոտ: Սկրինինգային ծրագրի շնորհիվ, որը երկրում գործում է 2010-ից ի վեր, այդ երեխաներին հնարավոր է ժամանակին հայտնաբերել, իսկ ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է լինում կանխել նրանց կուրությունը` նրանց հնարավորություն տալով եթե ոչ նորմալ տեսնել, գոնե տարբերել լույսն ու խավարը:
2014-ին, օրինակ, Հայկական ակնաբուժական նախագծի շրջանակում 950 անհաս երեխայի սկրինինգային հետազոտություն է իրականացվել, նրանցից 40-ի մոտ անհասների ռետինոպաթիայի ախտանիշներ են հայտնաբերվել, որոնք հետագայում կարող էին կուրության հանգեցնել: Բոլոր այդ երեխաներն անհրաժեշտ բուժում են ստացել եւ մասնագետները հույս ունեն, որ ապագայում նրանք կկարողանան տեսնել:






