Ալյուրի հարստացումն ինքնանպատակ չէ, այդ ծրագրի, ինչպես եւ հանրային առողջապահության բոլոր ծրագրերի նպատակը հնարավորինս մեծ քանակությամբ մարդկանց առողջ պահելը, նրանց հիվանդանալ թույլ չտալն է:  Այդ մասին   2015-ի արդյունքն ամփոփող մամուլի ասուլիսին հայտնել է Արմեն Մուրադյանը` մեկնաբանելով ալյուրը վիտամիններով եւ միկրոտարրերով հարստացնելու ծրագիրը: 

Նա նշել է, որ ծրագիրը քննարկվում է 2007-ից ի վեր, աշխատանքային խումբ է ստեղծվել:   2009-ին վարչապետի հանձնարարությամբ միջգերատեսաչական հանձնաժողով է ստեղծվել:  2011-ին կառավարությունը հավանություն  տվեց հայեցակարգին եւ միջոցառումների պլանին եւ նախապատրաստվեց օրենքի նախագիծը:    

Արմեն Մուրադյանը հայտնել է, որ ալյուրի հարստացում իրականացվում է  1939 թվից, չնայած, պահանջմունքներից ելնելով, փոփոխվել է հավելումների կազմը: 

«Փաստացիորեն մենք շարունակում ենք այն, ինչ նախկինում արել ենք, այն, ինչ այժմ անում են  84 երկրում: Մինչեւ 1994 թվականը Հայաստանը Կանադայից էր ալյուր ստանում, որտեղ ալյուրի 97 տոկոսը հարստացվում է: Մի քանի օր առաջ ես Իրանից եմ վերադարձել, որտեղ ալյուրը հարստացվում է  100 տոկոսով», - ասել է նա: Նախարարը հավելել է, որ ծրագրի առաջացրած հանրային մեծ հնչեղությունը հաշվի առնելով` Առողջապահության նախարարությունը որոշել է  2000-ի եւ 2005-ի հետազոտություններին նաեւ 2015-2016-ին հետազոտություններ ավելացնել եւ հետո միայն սկսել ծրագրի իրագործումը: 

«Ես վստահ եմ, որ սա մեկն է այն ուղղություններից, որը մեր ժողովրդին հանրային առողջություն կպարգեւի եւ հնարավորություն կտա, որ տարիներ անց մեզ մոտ անեմիայով տառապող կանայք եւ երեխաներ չլինեն», - ասել է նա: