Մի անգամ Սուրբ ծնունդի օրը շտապ օգնության բրիգադը կանչ էր ստացել՝ ինչ- որ շենքի մուտքում նորածին երեխայի էին գտել: «Չեմ հիշում, թե որ թվականն էր,- ասում է բժիշկ Հասմիկ Դարչինյանը,- բայց այն ժամանակ ինձ վրա շատ էր ազդել, որ այդ երեխային հենց Սուրբ ծննդյան օրն էին գտել: Աղջիկ էր, շատ լավիկը, լրիվ առողջ»:

Հասմիկ Դարչինյանն արդեն երկար տարիներ է շտապ օգնության բժիշկ է աշխատում, ու բազմաթիվ ամանորյա հերթապահություններ է ունեցել: «Դրանք տարվա մեջ մեզ համար ամենալարված օրերն են, մեկ օրում մեկ բրիգադը մինչեւ 40 կանչ է սպասարկում»,- ասում է նա ՝ հավելելով, որ բուժքույրը հազիվ է հասցնում ներարկիչների մեջ դեղը հավաքել:

Բժշկուհին հատկապես լավ է հիշում 2003 թ, երբ Երեւանում շատ ցուրտ եղանակ էր, ջերմաստիճանը մինչեւ -30-ի էր հասնում ու շատ տներում կոյուղին ու ջրատար խողովակները սառել էին: «Պատկերացրեք գիշեր է, շտապ օգնության «ԵՐԱԶ» մեքենաները չեն ջեռուցվում, վարորդները ծածկոցներով փաթաթվել էին: Մարդիկ կամ մրսել էին, կամ էլ չափից շատ էին նյարդայնացել՝ ամեն դեպքում իրար հետեւից ինֆարկտի դեպքեր էին»,- հիշում է բժշկուհին

Նրա խոսքով, եղել են նաեւ դեպքեր, որ մարդիկ շտապօգնություն են կանչել, որպեսզի այդ օրերին իրենց մենակ չզգան: «Մանավանդ տարեց կանայք ու տղամարդիկ: Եվ նրանք չէին էլ թաքցնում, որ քեզ հենց այնպես են կանչել ՝ Նոր տարին նշելու»,- ասում է նա:

Բժշկուհու խոսքերով, այդ օրերին նաեւ շատ քրեական դեպքեր են լինում: Իր հերթապահություններից մեկի ժամանակ մի աղջկա մոտ էին գնացել, որն իր երիտասարդ ընկերոջ հետ միասին թմրադեղ էր խմել, գերազանցել էր թույլատրելի չափաբաժինը: Աղջկան մահացած էին գտել, հիշում է Հասմիկ Դարչինյանը:

Շտապօգնության բժշկի խոսքով, չնայած տարածված տեսակետին, Նոր տարվա օրերին թունավորումներն ու վնասվածքներն այդքան էլ մեծ թիվ չեն կազմում, դրանք ավելի շատ են պատահում ամռանը: Նոր տարուն հիմնական վտանգները կապակցված են սուր սրտանոթային ախտահարումների հետ:

Ինչ վերաբերում է վաղաժամ ծննդաբերություններին, ապա Հասմիկ Դարչինյանը առանձնահատուկ մի դեպք է հիշում. խոսքն այն աղջկա մասին է, որը ծնվել էր Նովոսիբիրսկ –Երեւան չվերթի ժամանակ հենց օդանավում: 2013 թ. հունվարի 12-ին թռիչքի ժամանակ Արմինե Բաբայանը դուստր էր ծնել: Ծննդաբերությունը ընդունել էր մեկ այլ Հասմիկ ՝ բորտուղեկցորդուհի Հասմիկ Ղեւոնդյանը, իսկ Հասմիկ Դարչինյանն էլ երեխային ընդունել էր օդանավից: Իր ու երեխայի կյանքը փրկած երկու անվանակից կանանց պատվին մայրը իր դստեր անունը Հասմիկ էր դրել: