Ամեն մարդ չէ, որ կարող է աշխատել վերակենդանացման բաժանմունքում. այստեղ աշխատում են մարդիկ, որոնք շատ սիրում են կյանքը, պնդում է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշում է, որ իրենց մասնագիտության մեջ շատ կարեւոր է չհուսահատվելը եւ հոգով չկոպտանալը:
Մի կատակ կա, հիշեցնում է նա. «Բժիշկները Հիպոկրատի երդում են տալիս, իսկ ռեանիմատոլոգները երդում են տալիս անձամբ Հիպոկրատին»: Անեսթեզիոլոգների մասին եւս դիպուկ արտահայտություն կա. «Անեսթեզիոլոգիան ձանձրույթի ժամեր են եւ սարսափի վայրկյաններ»:
Եվ քանի որ ոչ բոլորն են պատրաստ վերապրել այդ «սարսափի վայրկյանները», քչերն են ձգտում մասնագիտանալ դրանում, իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ հայկական հիվանդանոցներում նրանց համար աշխատանքի ընդունելի պայմաններ չեն ստեղծվում, այն քչերն էլ, որոնք որոշել էին այդ մասնագիտությունը ստանալ, ուղղակի հեռանում են:
Անատոլի Գնունու խոսքով, այսօր Հայաստանում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների պակասը բավականին սուր է զգացվում, շատ շրջանային հիվանդանոցներում այդպիսիք ուղղակի չկան: Հայաստանի անեսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների ասոցիացիան, որն ինքը ղեկավարում է, Առողջապահության նախարարությանն իր առաջարկներն է ներկայացրել բացը լրացնելու ուղղությամբ:
«Ամեն գլխավոր բժիշկ պիտի երկու ձեռքով բռնի եւ բաց չթողնի իր ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգին: Հաճախ պատահում են դեպքեր, երբ այդ մասնագետին, որը բարդ աշխատանք է կատարում, քիչ են վճարում», - ասում է նա` նշելով, որ ռեանիմատոլոգի աշխատանքը հազվադեպ է գնահատվում նաեւ հիվանդի հարազատների կողմից: Հիմնական դափնիները բաժին են հասնում վիրաբույժներին եւ բուժող բժիշկներին:
«Հիվանդանոցի ղեկավարությունը պիտի ըստ արժանվույն գնահատի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի աշխատանքը: Պիտի ամեն ինչ անի, որ վերակենդանացման բաժանմունքը տեխնիկապես լավ հագեցած լինի եւ ռեանիմատոլոգը պաշտպանված լինի», - պնդում է նա: Միաժամանակ շատ տեղերում նրանց աշխատանքը բոլորովին չեն գնահատում:
«Փաստացիորեն այսօր մեր բժշկական համալսարանը պատրաստված անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ շրջանավարտներ է տալիս: Այդ մասնագիտությամբ պետպատվեր կա: Բայց երբ նրանք ավարտում են բուհը, այստեղ նորմալ աշխատավարձով աշխատանք չգտնելով` մեկնում են: Այնինչ` այդ մասնագիտության պահանջ կա, հատկապես` շրջաններում», - հավելում է Առողջապահության գլխավոր մասնագետը:
Գնունու կարծիքով, այդ ոլորտներում լրացուցիչ խրախուսական միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի մասնագետները մնան, ասենք` մատչելի բնակտարածք, բարձր աշխատավարձ եւ այլն:
«Մենք առաջարկել ենք նաեւ նպատակային կլինիկական օրդինատուրա ներդնել: Դա դեռեւս խորհրդային շրջանում շատ լավ աշխատող մեխանիզմ էր: Գաղափարը հետեւյալն է. եթե որեւէ մարզից, որտեղ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի կարիք կա, ուսանող կա, որը սովորում է բժշկական համալսարանում, նրա հետ պայմանագիր է կնքվում, որ բուհն ավարտելուց հետո նա այդ մասնագիտությամբ նպատակային կլինիկական օրդինատուրա կընդունվի: Մենք նաեւ մտածում ենք, որ նման շրջանավարտների ձեռքը կարելի է դիպլոմ չտալ, այլ տեղեկանք բուհն ավարտելու վերաբերյալ, որպեսզի նա գնա 3-5 տարի աշխատի շրջանում` այն կլինիկայում, որը նրա հետ պայմանագիր է կնքել: Իսկ եթե նա ցանկանա խզել պայմանագիրը, պիտի վճարի կլինիկական օրդինատուրայի համար այն ամբողջ գումարը, որ ծախսել է պետությունը», - ասում է նա եւ նորից կրկնում է. նախ եւ առաջ գլխավոր բժիշկները պիտի հետաքրքրված լինեն մասնագետների փնտրտուքով եւ նրանց կլինիկայում պահելով:






