Մեծ Բրիտանիայի Ուելսի համալսարանի հիվանդանոցի աշխատակազմը վերջերս Սուրբ ծննդի անսովոր անստորագիր բացիկ է ստացել:  Ի զարմանս բժիշկների, որոնք սովոր են ավելի շատ գանգատներ լսել, քան շնորհակալական խոսքեր, խորհրդավոր հիվանդը շնորհավորել է նրանց Սուրբ ծնունդը եւ շնորհակալություն է հայտնել օգնության համար: 

Բացիկում հետեւյալ ուղերձն էր. 

«Դուք ինձ չեք հիշի, բայց ես կուզեի շնորհակալություն հայտնել ձեզ: Կյանքիս ընթացքում ես շատ եմ եղել ձեզ մոտ: Դուք ինձ օգնեցիք, երբ ես վախեցած էի եւ ցավ էի զգում, եւ ես շնորհակալ եմ ամեն օրվա համար, որ կարող եմ անցկացնել տանը` ընտանիքիս հետ: Ձեզ լավ նայեք, տղերք, շնորհակալություն հոգատարության համար»:

Արտապլանային հիվանդների ընդունման գծով մենեջեր Լորետտա Ռեյլին նշել է, որ այդ բացիկը բարձրացրել է անհետաձգելի օգնության բաժանմունքի ամբողջ անձնակազմի տրամադրությունը: Նրա խոսքով, այդ ուղերձը մինչեւ հոգու խորքը հուզել է բժիշկներին: 

«Հարյուրավոր բժիշկներ աշխատելու են ծննդյան տոների ընթացքում եւ այն գիտակցությունը, որ իրենց աշխատանքը գնահատվում է, կջերմացնի նրանց սրտերը», - ասել է նա:

«Մենք մեր աշխատանքը շնորհակալական խոսքերի համար չենք անում, բայց երբ լսում ենք նման բան, մեզ համար դա մեծ բան արժե», - ասել է անհետաձգելի օգնության բաժանմունքի ավագ բուժակը: