Ամանորյա տոների մեջ, իհարկե, շատ լավ եւ դրական բան կա, բայց դրանցում կան նաեւ թաքնված վտանգներ, օրինակ` սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար:
Ինչպես մեզ պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, Հայաստանում ամանորյա սեղանները սովորաբար հարուստ են լինում ծանր, յուղային սննդով, որի մեջ շատ խոլեստերին կա: Նման սնունդը, չնայած իր լավ համին, լուրջ ծանրաբեռնվածություն է դառնում ոչ միայն մարսողության, այլեւ սիրտ-անոթային համակարգի համար:
Նման սննդի ավելցուկը, ինչպես բացատրել է մասնագետը, կարող է հանգեցնել առկա խնդիրների սրմանը, ստենոկարդիա եւ բարձր ճնշում առաջացնել, այդ պատճառով չափից շատ նման սնունդ ուտելը վտանգավոր հիպերտոնիայով, իշեմիկ հիվանդությամբ եւ այլ հիվանդություններով հիվանդների համար:
Որոշակի վտանգ կարող է պարունակել նաեւ ալկոհոլը: Սպիրտային խմիչքները հակացուցված են որոշ հիվանդությունների դեպքում, այդ մասին հիվանդին պիտի զգուշացնի բուժող բժիշկը: Սակայն եթե սպիրտայինը հակացուցված չէ, դա բոլորովին էլ չի նշանակում, որ կարելի է չարաշահել այն: Հարցն այն է, որ սպիրտայինի մեծ քանակությունը եւս կարող է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրման եւ այլ խնդիրների պատճառ դառնալ:
Բոլոր այդ խնդիրներից խուսափելու համար սրտաբանը խորհուրդ է տալիս չարաշահել ոչ ալկոհոլը, ոչ էլ ճարպոտ սնունդը: Բացի այդ, ցանկալի է երկար չնստել սեղանի մոտ. քիչ շարժվելը եւս շատ օգտակար չէ սրտի համար: Ընթրիքից հետո, օրինակ, ցանկալի է մի քիչ քայլել եւ թարմանալ:






