Մինչեւ վերջերս համարվում էր, որ Ալցհեյմերի հիվանդության պատճառը մարդու իմունային համակարգում է թաքնված, սակայն այժմ Սաութհեմփթոնի համալսարանից գիտնականների մի խումբ պարզել է, որ Ալցհեյմերի հիվանդության պատճառ կարող է լինել նաեւ գլխուղեղում բորբոքային գործընթացը:
Ալցհայմերի հիվանդությունը զարգացող նեյրոդեգեներատիվ հիվանդություն է` ձեռքբերովի թուլամտության ձեւերից մեկը, որով ամբողջ աշխարհում ավելի քան 47 մլն մարդ է տառապում:
Դիեգո Գոմես-Նիկոլան ու իր գործընկերները վերլուծել են մարդկանց գլխուղեղի հյուսվածքների նմուշները, որոնց մոտ Ալցհեյմերի հիվանդություն էր ախտորոշվել եւ դրանք համեմատել են առողջ մարդկանց տվյալների հետ: Պարզվել է, որ այդ հիվանդությամբ տառապող մարդկանց գլխուղեղում ավելացած է լինում միկրոգլիայի բջիջների քանակը, որոնք մասնակցում են, օրինակ, բորբոքային գործընթացներում իմունային պատասխանի կարգավորմանը:
Հետազոտողներն ուսումնասիրել են նաեւ Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մկների ուղեղը. եթե հիվանդությունը զարգանում է, գլխուղեղում միկրոգլիայի քանակն ավելանում է: Հեղինակները պարզել են, որ կրծողների կողմից CSF1 սպիտակուցի աշխատանքն արգելափակող ինհիբիտոր խմելը կանխարգելում էր միկրոգլիալ բջիջների թվի ավելացումը: Այդ նույն ինհիբիտորն օգնում էր պահպանել կապերը նեյրոնների միջեւ, որոնց կորուստը Ալցհայմերի հիվանդության բնութագրական գծերից է:
Հետազոտությունը ցույց է տվել, որ CFS1 ինհիբիտոր ստացած կենդանիների մոտ, ուսուցման եւ հիշողության հետ կապված խնդիրները պակաս արտահայտված էին, քան այն կենդանիների, որոնց նման դեղամիջոց չէին տվել: Հեղինակները նշում են, որ դեղամիջոցը թույլ էր տալիս ազատվել սոսկ «միկրոգլիայի» ավելցուկից, բայց ոչ մի կերպ չէր ազդում գլխուղեղի հյուսվածքներում բետաամիլոիդի կուտակման վրա:
Այժմ հետազոտողները նախատեսել են մարդու համար անվտանգ CFS1-ի ինհիբիտոր ստեղծել եւ նրա ազդեցությունը փորձարկել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների վրա:






