Մի քանի տարուց շուկայում թեստեր կհայտնվեն, որոնց օգնությամբ հնարավոր կլինի քաղցկեղը հայտնաբերել որեւէ ախտանիշի ի հայտ գալուց առաջ: Թեստավորման նոր մեթոդի մշակմամբ կզբաղվի Grail-ը` մոլեկուլյար-կենսաբանական սարքավորումների ամերիկյան հայտնի մշակող եւ արտադրող Illumina-ի դուստր ձեռնարկությունը:
Նոր մեթոդը հիմնված է հիվանդների արյան մեջ ուռուցքային բջիջների ԴՆԹ-ի պատառիկների հայտնաբերման վրա, որոնք ի հայտ են գալիս ուռուցքների ձեավորման վաղ փուլերում` հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ:
Նոր թեստի կլինիկական փորձարկումներին ավելի քան 30 000 մարդ կմասնակցի: Մշակողները նախատեսում են ցուցադրել նոր մեթոդի արդյունավետությունը եւ ցույց տալ քաղցկեղի ախտորոշման այլ մեթոդների նկատմամբ դրա առավելությունը:
Grail ընկերության ներկայացուցիչ Ջեյ Ֆլեթլին բացատրում է, որ մշակողները կփորձեն ախտորոշման ունիվերսալ մեթոդ ստեղծել, որը հնարավորություն կտա արյան մեկ անալիզով ի հայտ բերել քաղցկեղի միանգամից մի քանի տեսակ: Սակայն սկզբում նախատեսել են թեստեր մշակել թոքերի եւ կրծքագեղձի ուռուցքների ախտորոշման համար:
Հեղինակները ենթադրում են, որ նոր թեստերը կլինիկական պրակտիկայում կսկսեն օգտագործվել 2019-ից: Ընդ որում մեկ թեստը մոտավորապես 1000 ԱՄՆ դոլար կարժենա:
Ինչպես տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները, նորելուկ ընկերությունը տեղակայված կլինի Սան Ֆրանցիսկոյում: Այն արդեն ավելի քան 100 մլն դոլար է հավաքել. փողը նվիրաբերվել է ոչ միայն Illumina ընկերության կողմից, այլեւ Բիլլ Գեյթսի, Ջեֆ Բեզոսի վենչուրային հիմնադրամի (Bezos Expeditions) եւ Arch Venture Partners-ի:






