Վարժություններն ու մարզումները կարող են  2-րդ տեսակի շաքարախտի բուժման բանալի դառնալ, հայտնել են պորտուգալացի գիտնականները:  

Պորտուգալացի մասնագետների հետազոտությունների արդյունքները ներկայացրել է էլեկտրոնային  «Առողջության տեղեկատու» ամսագիրը: Հրապարակման համաձայն, այդ բժիշկները եզրակացրել են, որ հենց կանոնավոր ֆիզիկական վարժություններն ու առողջ սնունդը, ոչ թե դեղամիջոցներն են 2-րդ տեսակի շաքարային դիաբետի բուժման հիմքը: 

Մասնավորապես, գիտնականներն այն եզրահանգմանն են եկել, որ  2-րդ տեսակի շաքարախտով հիվանդները շաբաթական առնվազն   150 րոպե պիտի տրամադրեն ֆիզիկական չափավոր ակտիվությանը. դրանք կարող են լինել աերոբիկ վարժություններ, այդ թվում`  արագ քայլք, վազք, հեծանիվ քշել, լող եւ ֆիզիկական վարժությունների այլ տեսակներ: 

 «Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես պարզվել է,   կարող է բարելավել շաքարի վերահսկողությունը, ինսուլինի նկատմամբ զգայունությունը, զարկերակային ճնշումը եւ 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդների արյան մեջ խոլեստերինի մակարդակը», - պնդում են հետազոտողները:

Միաժամանակ փորձագետները նշում են, որ շաքարախտով հիվանդների մեծամասնությունը կանոնավորապես չի զբաղվում ֆիզիկական վարժություններով: