Ամանորի տոներն ինչու են ոչ միայն ուրախության, այլեւ բացասական ապրումների եւ սթրեսի աղբյուր:  Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին իր կարծիքն է հայտնել հոգեբան Ռուբեն Պողոսյանը:  

Հոգեբանի խոսքով, շատ մարդիկ նոր տարվա տոների ընթացքում անում են ոչ թե այն, ինչ այդ պահին նպատակահարմար եւ ճիշտ են համարում, այլ ինչ սովոր են անել եւ անում են արդեն բազմաթիվ տարիներ: Միաժամանակ շատերը վախենում են, թե չեն կարողանա ամեն ինչ «ճիշտ» անել, եւ դա իր հերթին վախ եւ սթրես է առաջացնում:  

Նոր տարվա տոների ընթացքում սթրեսի մեկ այլ պատճառ է հրաշքի սպասումը: Եթե հանկարծ ինչ-որ բան լինում է ոչ այնպես, ինչպես նախատեսված էր, եթե սպասումները չեն արդարանում, դա շատերին սթրեսի է հանգեցնում:  Նույնիսկ եթե ակնկալիքներն արդարանում են եւ ամեն ինչ հրաշալի է, տոներից հետո հաճախ դատարկության ու անիմաստության զգացում է առաջանում:  

Տոնական եւ հետտոնական սթրեսների մյուս պատճառը միօրինակությունն է: Երբ մարդիկ բազմաթիվ օրերի ընթացքում ուտում են նույն մթերքները, շփվում են նույն մարդկանց հետ, դա սթրես է առաջացնում: 

Ինչպես նշել է հոգեբանը, տոնական օրերին մեծ քանակությամբ ազատ ժամանակի առկայությունն արդեն իսկ սթրես է, չէ՞ որ շատ մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչով զբաղվեն: Ֆրանսիայում հետազոտությունը ցույց  է տվել, որ ինքնասպանությունների մեծամասնությունը գրանցվում է կիրակի, ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ ազատ, չզբաղված ժամանակը բացասական ապրումների եւ սթրեսի պատճառ է: