Չինացի գիտնականները նոր կենսաարհեստական լյարդ են մշակել, որը լյարդային անբավարարությամբ հիվանդներին կօգնի չսպասել այդ օրգանի փոխպատվաստմանը:
Կենսաարհեստական լյարդը տեղադրվում է հիվանդի մարմնում, դրա հիմքում մարդկային լյարդի բջիջներ են, տեղեկացնում են գիտնականների Cell Research ամսագրում հրապարակված աշխատանքների արդյունքները, հայտնում է Սինհուան:
Անցյալ շաբաթ տեղի է ունեցել առաջին կլինիկական փորձարկումը, տվյալ սարքը փրկել է 61-ամյա կնոջ կյանքը, որը մեռնում էր լյարդային սուր անբավարարությունից, տեղեկացրել է հետազոտական խմբի անդամ պրոֆեսոր Դին Իտաոն:
Կենսաարհեստական լյարդը կօգնի վերականգնել հիվանդների լյարդի գործառույթը եւ կերկարացնի նրանց կյանքը, որպեսզի նրանք կարողանան սպասել դոնորական համապատասխան օրգանների փոխպատվաստմանը, ինչն այսօր կրիտիկական դեպքերում միակ միջոցն է:
Դին Իտաոն տեղեկացրել է, որ չինացի գիտնականները 1998-ից ի վեր արհեստական լյարդ են օգտագործել, բայց նախորդ սարքերում օգտագերծել էին խոզի լյարդի բջիջներ:
«Յուրաքանչյուր սարք հիմնված է բջիջների վրա, որոնք վերցվել են մաշկից, ճարպանյութից եւ այլ հյուսվածքներից, որոնք վերածրագրվում են որպես /լյարդային/ բջիջներ: Դա ավելի անվտանգ է եւ փոքր է պոկվելու հավանականությունը», - ասել է նա:
Լաբորատորիաներում կենդանիների վրա իրականացվող փորձարկումները ցույց են տվել, որ լյարդային սուր անբավարարություն ունեցող խոզերը կենսաարհեստական լյարդով բուժումից հետո դեպքերի 80 տոկոսում ողջ են մնում, իսկ առանց նման բուժման խոզերը մահանում են մոտավորապես 3 օր անց:






