Ըստ բրիտանացի գիտնականների՝ 2016 թ. ամենադեպրեսիվ օրն է լինելու հունվարի 18-ը: Այսինքն այսօր: Գիտնականների խոսքով, այս օրը ամենադեպրեսիվն է դառնալու մի շարք գործոնների զուգադիպման հետևանքով . փողի պակաս՝ տոնական ծախսերից հետո, վատ եղանակ ու ամռան կարոտը:

Գիտնականների խոսքով, մարդկանց 61 տոկոսն այսօր աշխատանքի գնալու ճանապարհին դեպրեսիայի նշաններ կզգա: 26 տոկոսը հունվարը համարում են ամիս, երբ իրենց ամենից շատ են մեկուսացած զգում:

Մարդկանց 87 տոկոսը, գիտնականների խոսքով, համարում է, որ եղանակն անմիջական բացասական ազդեցություն է թողնում տրամադրության վրա: Դրան հավելում ենք նաև փողի պակասը, որը պայմանավորված է տոն օրերին նվերներ գնելու ու զանազան ուղևորությունների համար արված մեծ ծախսերով: Եվ վերջապես, շատերին թվում է, թե մինչև ամառ դեռ չափից շատ ժամանակ է մնացել:

Որոշ բրիտանական խանութներում գնորդներին այսօր անվճար մրգեր կբաժանեն, որոնք կօգնեն դեպրեսիայի դեմ պայքարում: Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ մրգերն իրոք նպաստում են տրամադրության բարձրացմանը՝ արյան մեջ «լավ» հորմոնների մակարդակի բարձրացման հաշվին: Հոգեբանները նաև խորհուրդ են տալիս այսօր ֆիզիկական վարժություններով զբաղվել, որոնք կլավացնեն ինքնազգացողությունը:

Եթե եղանակը թույլ տա՝ փորձեք այսօր զբոսանքի գնալ: Տրամադրությունը հրաշալի բարձրացնում է լողը, այնպես որ կարելի է լողավազանի բաժանորդագիր ձեռք բերել: Գիտնականները նաև խորհուրդ են տալիս պահպանել օրվա ռեժիմը, լավ քնել, ճիշտ սնվել ու չչարաշահել ոգելից խմիչքը: