Գարնան սկզբում, երբ օրգանիզմը թուլանում է վիտամինների պակասի պատճառով, շատ հիվանդություններ սրվում են: Հենց այս սեզոնին շատերի շրթունքների վրա քորով եւ տհաճ զգացողություններով ուղեկցվող պզուկներ են հայտնվում: Ժողովուրդը դրանք անվանում է «մրսածություն շուրթերի վրա» կամ «տենդ», բժիշկներն այդ պզուկների ի հայտ գալը բացատրում են I տիպի հերպեսի վիրուսով, որով վարակված են Մոլորակի գրեթե բոլոր մարդիկ, բայց որն ի հայտ է գալիս միայն երբ մարդու օրգանիզմը թուլանում է: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը:
«Ձմռան վերջին եւ գարնան սկզբին վիտամինների պաշարը, որը մենք հասցրել ենք կուտակել ամռանը եւ աշնանը, վերջանում է, եւ իմունիտետն ընկնում է: Բացի այդ՝ հիմա մրսելը շատ հեշտ է, ուստի կարող են սրվել հերպեսի վարակները»,- ասաց մաշկաբանը:
Սաշկայն հերպեսի սեզոնային սրացումից հնարավոր է խուսափել: Ամենակարեւորն օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու մասին հոգալն է:
Ի՞նչ պետք է անել, որպեսզի հերպեսը չհայտնվի եւ իմունիտետը կարողանա ճնշել այն.
Վիտամինային կոմպլեքսներ
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ գարնան սկզբում ցանկալի է սկսել վիտամինային կոմպլեքսներ ընդունել, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն իմունային համակարգի, այլեւ ընդհանուր ինքնազգացողության վրա: Ցանկալի է նաեւ վիտամիններով եւ հանքային նյութերով հարուստ սնունդ օգտագործել:
Առողջ սնունդ
Բոլոր նրանց, ովքեր հերպեսի սեզոնային սրացում ունեն, մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս առողջ կենսակերպ վարել եւ օգտագործել առողջ, օգտակար սնունդ, հատկապես՝ այդ սեզոնին:
Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Մաշկաբանը նշեց, որ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ ոտքով քայլելը նույնպես ամրացնում են օրգանիզմը եւ օգնում պայքարել վիրուսային վարակների դեմ:
Չմրսել
Եվս մեկ պարզ, բայց կարեւոր խորհուրդ՝ ցանկալի է հագնվել սեզոնին համապատասխան: «Եթե ցուրտ է, տաք հագնվեք, եթե շոգ է, ավելի՝ թեթեւ հագուտ կրեք, որպեսզի չքրտնեք ու չմրսեք»,- ասաց մաշկաբանը:
Եթե հերպեսն արդեն հասցրել է երեւալ, բժիշկները խորհուրդ են տալիս հիվանդության ամենասկզբում, երբ պզուկները նոր-նոր են հայտնվում շուրթերի վրա, հակավիրուսային եւ հերպեսի դեմ դեղամիջոցներ օգտագործել: Բժշկի խոսքով՝ եթե հասցնեք հերպեսի դեմ դեղամիջոցն օգտագործել հենց այն պահին, երբ սկսվում է շուրթերի կամ քթի շրջանում ծակոցն ու քորը (փորձառու հիվանդները լավ գիտեն այդ զգացողությունները, որոնք խոսում են մոտ ապագայում հերպեսի հայտնվելու մասին), հերպեսը կարող է եւ չհայտնվել:
«Առողջ սնունդը, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ վիտամիններն ակտիվացնում են իմունային համակարգն ու ուժեղացնում օրգանիզմի պաշտպանական հատկությունները, իսկ ուժեղ օրգանիզմում ոչ հերպես կլինի, ոչ վիրուսային այլ հիվանդություններ, որոնք սրվում են ձմռանն ու գարնանը»,- ասաց մաշկաբանը:






