Չինացու փորում վեցմետրանոց որդ են հայտնաբերել: 38-ամյա հիվանդը դիմել է Շիյան չինական քաղաքի կլինիկայի բժիշկներին` գանգատվելով քաշի կորստից եւ սրտխառնոցից, տեղեկացնում է The New England Journal of Medicine-ը:

Նրա խոսքով, ինքը երկու տարվա ընթացքում փորի կանոնավոր ցավեր է ունեցել եւ տառապել է անարյունությունից:

Հիվանդի առաջնային հետազոտությունը ոչ մի պաթոլոգիա ի հայտ չի բերել: Բայց տղամարդուց վերցված անալիզներում եզան երիզորդի ձվեր են հայտնաբերվել: Դեղային թերապիայի անցկացումից հետո հիվանդն ազատվել է   մակաբույծից: Որդի երկարությունը 6,2 մետրի էր հասնում: Ինչպես պարզել են բժիշկները, հիվանդի փորում մակաբույծը հայտնվել էր նրա` տավարի հում մսի նկատմամբ սիրո պատճառով:  

Գիտնականները պնդում են, որ մարդու աղիքներում ապրող եզան երիզորդի երկարությունը կարող է հասնել  10 մետրի: Մարդու օրգանիզմի ներսում նրանց գոյությունը տենիարինխոզ է առաջացնում, որը բնութագրվում է փորի ցավերով, թուլությամբ, ախորժակի փոփոխությամբ, գլխացավերով, ինչպես նաեւ փորկապությամբ եւ փորլուծությամբ: