Եղանակն ազդում է ոչ միայն խրոնիկական հիվանդություններ ունեցող, այլեւ լիովին առողջ մարդկանց առողջության վրա. ինչպես լրագրողներին պատմել է սրտաբան Մարինե Օրդյանը, ամեն երրորդ տղամարդը եւ ամեն երկրորդ կինը մետեոկախվածության այս կամ այն տեսակն ունի. նրանց տրամադրությունը եւ ինքնազգացողությունը փոխվում է եղանակից կախված: 

Սրտաբանի խոսքով, մեր վիճակի վրա ազդում է ոչ միայն օդի ջերմաստիճանը, այլեւ օդի խոնավությունը, մթնոլորտային ճնշումը եւ շատ այլ գործոններ: Խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ  (օրինակ` սիրտ-անոթային կամ հիպերտոնիա) այդ բոլոր գործոնները կարող են սրացումներ, վիճակի վատացում առաջ բերել: Առողջ մարդկանց մոտ այդ գործոնների ազդեցությամբ  տրամադրությունը կարող է վատանալ առանց տեսանելի պատճառի, կարող է գլխացավ առաջանալ, քնատություն կամ էլ, ընդհակառակը, ագրեսիա եւ նյարդայնություն: 

Հետաքրքիր է, որ մետեոկախվածությունից, ինչպես նշել է բժիշկ Օրդյանը, ավելի շատ տառապում են մեծ քաղաքներում ապրող եւ քաղաքից դուրս, մաքուր օդում քիչ ժամանակ անցկացնող մարդիկ: Գյուղերում ապրողները եւ ֆիզիկական աշխատանքով զբաղվողներն ավելի հազվադեպ են բախվում այդ երեւույթին:  

Ինչպես կարելի է մեղմել տհաճ ախտանիշները, որոնք ի հայտ են գալիս օդերեւութակախվածության պատճառով: 

Մարինե Օրդյանը խորհուրդ է տալիս ջանալ ավելի շատ զբոսնել, իսկ ազատ օրերն անցկացնել փողոցում կամ քաղաքից դուրս, ոչ թե համակարգչի կամ հեռուստացույցի դիմաց: Նույնը վերաբերում է նաեւ արձակուրդին. Եթե դուք արձակուրդում եք, ջանացեք տանը չնստել, ավելի լավ է դուրս գաք բնության գիրկ, ավելի ակտիվ եւ հետաքրքիր հանգիստ կազմակերպեք: Այդ ամենը կարող է բարելավել ինքնազգացողությունը եւ մեղմել փոփոխական եղանակի պատճառով առաջ եկող ախտանիշները, վստահեցնում է մասնագետը: