Էլեկտրոնային ծխախոտի անսպասելի պայթյունն այլանդակել է Մեծ Բրիտանիայից 24-ամյա Քիրբի Շինի դեմքը: Այժմ նրան պլաստիկ վիրահատություն է անհրաժեշտ արտաքինը վերականգնելու համար, բայց որոշ սպիներ կարող են մնալ ամբողջ կյանքում: Ճիշտ է, նրա բախտը դեռ բերել է, պնդում են բժիշկները. պայթյունի պատճառով նա կարող էր աչքից զրկվել:
Երբ Քիրբիի էլեկտրոնային ծխախոտը դադարել է աշխատել, նա փորձել է փոխել մարտկոցը: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ամեն ինչ. ծխախոտն աշխատել է, բայց մի քանի վայրկյանից… պայթել է:
«Ես միայն ծուխ եւ պայթյուն եմ հիշում: Ես հասկացա, որ վնասվել եմ, որովհետեւ դեմքիցս արյուն էր հոսում: Ես ներքեւ նայեցի, ձեռքերս լրիվ սեւ էին, իսկ բութ մատիս վրա, որով սեղմել էի կոճակը, մեծ անցք էր հայտնվել», - պատմել է աղջիկը:
Այդ ամենը տեղի է ունեցել Քիրբիի երեխաների` երկու տարեկան Այմարիսի եւ 5 ամսական Այվիարնայի աչքի առաջ:
Աղջկան հիվանդանոց են տարել, որտեղ բժիշկները երկու ժամ տեւած վիրահատության ընթացքում փորձել են վերականգնել նրա աչքը, որը լրջորեն վնասվել էր: Հայտնի չէ, թե նա երբ ամբողջությամբ կապաքինվի: Բայց եկող տարի Քիրբին ու զուգընկերը նախատեսում են ամուսնանալ, եւ Քիրբին հույս ունի, որ այդ ժամանակ նա լավ կլինի եւ կկարողանա նույնիսկ շպարվել:
Այդ միջադեպից հետո Քիրբին եւ զուգընկերը դադարել են էլեկտրոնային ծխախոտ օգտագործել: Նրանք հաճույքով ուրիշներին պատմում են, թե իրենց ինչ է պատահել` հույս ունենալով, որ ուրիշներն ավելի զգույշ կլինեն եւ իրենց նման ռիսկի չեն ենթարկի:
«Մեզանից ոչ մեկն այլեւս երբեք ձեռք չի տա այդ ծխախոտներին, դրանք նույնիսկ ավելի վտանգավոր են, քան սովորական ծխախոտը, դրանք կարող էին սպանել ինձ կամ զրկել տեսողությունից», - ասել է վախեցած Քիրբին:










