Նեխուրի (քարաուզ) եւ թզի մեջ պարունակվող միացությունը պոտենցիալ զենք է կրծքագեղձի ագրեսիվ ուռուցքների դեմ:
Փսորալեն կոչվող նյութը պայքարում է լիմֆոմայի եւ մաշկային հիվանդությունների դեմ՝ վնասելով ԴՆԹ-ն եւ ուլտրամանուշակագույն լույսի ակտիվացման դեպքում դառնում է ուռուցքային բջիջների մահանալու պատճառ: Դյուկի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն կարելի է օգտագործել նաեւ արդյունավետ թերապիայի համար: PLOS ONE ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ փսորալենն արգելափակում է HER2 ռեցեպտորի մոլեկուլյար ազդեցությունը, որն առկա է կրծքագեղձի, ձվարանների, ստամոքսի եւ այլ օրգանների քաղցկեղի 25% դեպքերում:
Երբ HER2-ն ավել է լինում, սկսում է սնուցել բջիջները՝ առաջացնելով դրանց անկառավարելի աճ, ինչը հանգեցնում է հիվանդության ագրեսիվ ձեւի: Հետազոտողները պարզել են, որ փսորալենը կարող է կանգնեցնել այդ գործընթացը: Փսորալենն արդյունավետ է նաեւ քիմիաթերապիայի նկատմամբ կայուն քաղցկեղների դեպքում, հայտնում է Newsmax Health-ը:
Հետազոտողները հույս ունեն, որ մի գեղեցիկ օր կկարողանան նյութը ներմուծել անմիջապես ուռուցքների մեջ, հետո փոքր չափաբաժնով ռենտգենյան ճառագայթներ օգտագործել՝ դրա հակաուռուցքային հատկություններն արթնացնելու համար: Տեխնոլոգիան փորձարկվում է կենդանիների վրա եւ արդեն այս տարի կարող է մարդու վրա կլինիկական փորձարկումների թույլտվություն ստանալ:






