43-ամյա կանադացին իր արհեստական աչքը փոխարինել է ռոբոտացված մինի-տեսախցիկով եւ այժմ իրեն Eyeborg է կոչում, տեղեկացնում է popphoto.com-ը:

Ռոբ Սփենը, որը մասնագիտությամբ ռեժիսոր է, մանուկ հասակում հրազենից պատահական կրակոցի հետեւանքով կորցրել է աջ աչքի տեսողությունը, այժմ նա զինված է ակնախնձորի մեջ ներկառուցված տեսախցիկով: Այն կարող է տեսագրությունը փոխանցել ներքին ձայնագրիչին: Տեսախցիկը կառավարվում է մագնիսով եւ միացված չէ նյարդային ծայրամասերին: Դրա վրա հնարավոր է երեք րոպե տեւողությամբ տեսանյութ ձայնագրել:

Իրականում Սփենն արդեն երկրորդ անգամ է ռոբոտացված աչք տեղադրել եւ պնդում է, թե նոր մոդելն առաջինի համեմատ բազմաթիվ բարելավումներ ունի:  Տղամարդն իր կայքում պատմում է, որ նախատեսել է հաջորդ մոդելը ներկառուցել, որը դրսից նայելիս շրջապատողներին սովորական, օրգանական աչք է թվում:

«Դա շատ դասական գաղափար է, եւ ինձ իրականում շատ հետքրքիր է հետեւել, թե  ինչպես է առաջընթաց ապրում: Մենք առաջվա նման բավականին հեռու ենք կույրերի տեսողության ամբողջական վերականգնման կենսական երազանքից, սակայն մեր աչքերը տեսագրող սարքի վերածելու ներուժը գրեթե անսահմանափակ է», - նշում է Սփենը: