«ԶԼՄ-ներ եւ հոգեկան առողջություն» թեմայով Հայկական հոգեբուժական ասոցիացիայի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի համատեղ գիտաժողովի շրջանակներում կազմակերպված ֆորումը ընդունել է Հայտարարության լրամշակված տարբերակը։ Հիշեցնենք, որ գիտաժողովի ժամանակ դեկտեմբերի 11–ին մասնակիցները չընդունեցին Հայտարարության նախնական տարբերակը, այն ուղարկելով լրամշակման։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆորումի մասնակիցներն դրական միտումներ են արձանագրում ԶԼՄ-ների կողմից մեդիադաշտը մաքուր պահելու եւ լրագրողական էթիկայի համընդանուր նորմերին հետեւելու գործում:
Միեւնույն ժամանակ.
Հիմք ընդունելով ժամանակակից աշխարհում.
• Հոգեկան խանգարումների աճը եւ այդ խնդրում հատկապես տեղեկատվության դերը,
• հասարակական գիտակցության վրա ԶԼՄ-ների աճող ազդեցությունը, ինչպես նաեւ այդ ազդեցության միջոցով բազմաթիվ չարաշահումների հնարավորությունը:
Հաշվի առնելով լրատվության ոլորտում.
կարգավորող հստակ մեխանիզմների եւ լրագրողական էթիկայի նորմերի անկատարությունը, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում իրականությանը չհամապատասխանող, աղավաղված եւ կանխակալ տեղեկատվության տրամադրմանը:
Փաստելով, որ նման իրավիճակը.
• Բացասաբար է անդրադառնում բնակչության հոգեկան առողջության վրա, իսկ երեխաների եւ դեռահասների պարագայում կարող է ունենալ կործանարար ազդեցություն,
• հնարավորություն է տալիս հասարակական գիտակցության հետ տարաբնույթ մանիպուլյացիաների, այստեղից բխող բոլոր հետեւանքներով:
Կոչ ենք անում`
ԶԼՄ-ներին զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող եւ ավելի շատ բացասական երանգներով տեղեկատվության տրամադրումից, ինչպես նաեւ սահմանել ընդհանուր էթիկական նորմեր եւ հետեւել դրանց:
Պատկան մարմիններին՝ ոլորտում առկա վիճակը կարգավորելու նպատակով իրացնել օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունները եւ լրացնել օրենսդրության բացերը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել ուղղված մեդիագրագիտության զարգացմանը:
«ԶԼՄ-ներ եւ հոգեկան առողջություն» գիտաժողովի կազմակերպիչների, մասնակիցների եւ ներկայացված կազմակերպությունների անունից պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ նշված խնդիրների լուծման գործում, ինչպես նաեւ խնդրում ենք սույն հայտարարությունը, որտեղ ավելի շատ կարեւորվում է տեղեկատվության փոխանցման ձեւը, չմեկնաբանել, որպես խոսքի ազատության որեւէ սահմանափակման կոչ:






