Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնն ընդլայնում է այն երկրների ցուցակը, որտեղ հղի կանանց խորհուրդ չի տրվում գնալ Զիկա հարուցիչով վարակվելու մեծ ռիսկի պատճառով: Վերջին տվյալների համաձայն, այդ հարուցիչն արդեն 22 երկիր է «գրավել»: Վարակման դեպքեր են գրանցվում ԱՄՆ-ում եւ մի շարք եվրոպական երկրներում, իսկ քանի որ հիվանդությունը փոխանցող մոծակները հանդիպում են ամբողջ մոլորակում, բացառված չէ, որ հիվանդությունը կարող է տարածվել նաեւ այլ երկրներում եւ շատ խնդիրներ առաջ բերել:
Իրենից ինչ է ներկայացնում Զիկա հարուցիչը եւ ինչ է պետք իմանալ դրա մասին:
Վտանգը
Ինչպես նշել է բժիշկ Լյուցիլեա Ջոնսոնը Քլիվլենդի կլինիկայից, Զիկա հարուցիչը թեթեւ ախտանիշներ է առաջացնում, սակայն վտանգավոր է նրանով, որ շատ գիտնականների հաղորդմամբ, կարող է ախտահարել հղի կնոջ արգանդի պտուղը: Բրազիլիայում, որտեղ այդ հարուցիչը լայնորեն տարածվել է վերջին ամիսների ընթացքում, արդեն ավելի քան 3500 երեխա է ծնվել միկրոցեֆալիայով եւ այլ բնածին արատներով, որոնք կապում են հենց այդ հարուցիչի հետ:
Միկրոցեֆալիան հազվագյուտ նյարդաբանական խանգարում է, որի դեպքում երեխայի գլուխը ծնվելիս նորմայից փոքր է լինում: 15 տոկոս դեպքերում երեխան ինտելեկտի եւ մտավոր զարգացման խնդիրներ չի ունենում: Մնացած բոլոր դեպքերում միկրոցեֆալիան ուղեկցվում է մտավոր հետամնացության այս կամ այն ձեւով:
Փոխանցման ուղիներ
«Երբ հարուցիչը հայտնվում է արյան շրջանառության մեջ, կարող է փոխանցվել երեխային եւ նրա ուղեղում բորբոքման պատճառ դառնալ», - պարզաբանել է բժիշկ Ջոնսոնը:
Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, հարուցիչն ամենայն հավանականությամբ կարող է մորից պտղին փոխանցվել հղիության ընթացքում: Հարուցիչի փոխանցման հիմնական ուղին Aedes մոծակների խայթոցն է: Չի բացառվում նաեւ, որ հարուցիչը կարող է փոխանցվել սեռական ուղիով:
Վկայություններ չկան, թե հարուցիչը կարող է փոխանցվել կրծքի կաթի միջոցով, այդ պատճառով ամերիկացի մասնագետները մայրերին խորհուրդ են տալիս հիշել կրծքով կերակրելու բոլոր առավելությունները եւ երեխաներին կրծքով կերակրել, նույնիսկ եթե նրանք ապրում են այնպիսի երկրներում, որտեղ Զիկան լայնորեն տարածված է:
Ախտանիշները
Զիկա Տենդն ի հայտ է գալիս մի շարք ախտանիշներին զուգահեռ, որոնցից կարելի է նշել տենդը, ցանը, հոդացավը եւ կարմրած աչքերը: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակումից 2-7 օր անց:
Կանխարգելումը
Քանի որ հարուցիչի տարածման հիմնական ուղին խայթոցներն են, մասնագետները վարակման կանխարգելման համար խորհուրդ են տալիս ամեն կերպ խուսափել միջատների խայթոցներից. տանը մնալ, հակամիջատային միջոցներ գործածել, երկար թեւքերով հագուստ կրել:
Զիկա հարուցիչի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Հատուկ բուժում` եւս:
Ուղեւորություններ
Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը հղի կանանց եւ նրանց, ով պատրաստվում է հղիանալ խորհուրդ է տալիս խուսափել ուղեւորություններից այն երկրներ http://wwwnc.cdc.gov/travel/notices/, որոնք նշված են իրենց կայքում` առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ գիտնականները չեն կարողացել կապ հայտնաբերել միկրոցեֆալիայի եւ Զիկա հարուցիչի միջեւ:
Բժիշկ Ջոնսոնն իր հերթին հղի կանանց, որոնք եղել են այդ երկրներում, կոչ է անում անպայման դիմել բժշկի եւ համենայնդեպս ստուգվել:






