Նիհարելու հույսով մարզադահլիճից օրեր շարունակ դուրս չեկող մարդիկ իզուր ժամանակ եւ ուժեր են վատնում, պնդում են Նյու Յորքի City University-ի գիտնականները: Պարզվում է` մարդու օրգանիզմը բավականին արագ հարմարվում է մարզումներին եւ դադարում է հավելյալ կալորիաներ այրել: Այսպիսով, ինչպես պարզել են գիտնականները, մեծ ինտենսիվությամբ մարզումները բոլորովին էլ չեն օգնում նիհարելուն:  

Վերոհիշյալ գիտնականները չափել են ավելի քան 300 տղամարդու եւ կնոջ էներգիայի օրական ծախսը եւ ակտիվության մակարդակը: Պարզվել է, որ օրվա ընթացքում չափավոր ակտիվ մարդիկ, որոնք, օրինակ, աշխատանքից առաջ ոտքով զբոսնում են եւ շաբաթը երկու անգամ մարզադահլիճ են գնում, օրական մոտավորապես  200 կալորիա ավելի էին այրում նրանց համեմատ, ովքեր նստակյաց կյանք էին վարում: 

Սակայն ակտիվության որոշակի շեմից հետո մարզադահլիճում ծախսվող լրացուցիչ ժամանակը ոչ մի կերպ չէր ազդում այրվող կալորիաների քանակության վրա:

Գիտնականների կարծիքով, դա կարող է բացատրել, թե ինչու այն մարդիկ, որոնք նիհարելու հույսով մարզասրահից դուրս չեն գալիս, հաճախ նկատում են, որ մի քանի ամիս հետո իրենց քաշը դադարում է փոխոխվել: 

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ հենց չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ոչ թե բարձր ինտենսիվություն ունեցողները կարող են օգնել արդյունավետ կերպով ազատվել ավելորդ քաշից (առողջության համար էլ դրանք ավելի օգտակար են): Բայց եթե մարդն իր առաջ խնդիր է դնում մկանային զանգված աճեցնելու եւ բարձրացնելու ուժային ցուցանիշները, ստիպված կլինի մի քիչ ավելի շատ մարզվել մարզասրահում, քան նրանք, ովքեր ընդամենը ուզում են նիհարել: