Բոտուլիզմով հիվանդներից մեկին Գյումրիի վարակիչ հակատուբերկուլյոզային հիվանդանոցից տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրել է հիվանդների բուժող բժիշկ, վարակաբան Դիանա Սուքիասյանը:
Մասնագետի խոսքով, հունվարի 27-ին հիվանդանոց ընդունվելիս երկու հիվանդի վիճակն էլ միջին ծանրության էր. քանի որ նրանք ժամանակին էին դիմել բժշկին բոտուլիզմի հենց առաջին ախտանիշների դեպքում, նրանց վիճակը ծանր չէր: Հիվանդներից մեկը մնում է Գյումրիի վարակիչ հակատուբերկուլյոզային հիվանդանոցում, նրա վիճակը բավարար է, շնչառական անբավարարություն եւ այլ բարդացումներ չունի: Երկրորդ հիվանդը, որը 1978-ին ծնված տղամարդ է, փսխոցի հետեւանքով շնչառական ջղակծկում է ունեցել, եւ որոշվել է նրան տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ արհեստական շնչառության եւ վերակենդանացման բաժանմունք կա: Բժշկի հաղորդմամբ, հիվանդն արհեստական շնչառության կարիք չունի, բայց մասնագետները որոշել են, որ ավելի լավ կլինի, եթե նա բուժում ստանա հիվանդանոցում, որտեղ անհրաժեշտության դեպքում կկարողանան նրան միացնել արհեստական շնչառության սարքին:
Մոտավորապես մեկ շաբաթ անց երկու հիվանդին էլ հավանաբար հնարավոր կլինի դուրս գրել: Դրանից հետո նրանք, ինչպես տեղեկացրել է բժիշկը, իրենց բնակության վայրի նյարդաբանի հսկողության տակ կլինեն, որովհետեւ բոտուլիզմից եւ նրա նյարդաբանական ախտանիշներից վերականգնվելու համար առնվազն 3-4 շաբաթ է անհրաժեշտ:
Երկու հիվանդն էլ բոտուլիզմով են վարակվել նրանցից մեկի քրոջ տանը, որտեղ թթու դրած կանաչ պղպեղ են կրել եւ տանը պատրաստված խավիար:
Ընտանիքի մյուս անդամները եւս կերել են այդ սննդամթերքը, սակայն նրանց բախտը բերել է, նրանք չեն վարակվել. բոտուլիզմի հանգեցնող թունանյութերն ամբողջ մթերքը չեն վարակում. նրանք կարող են կուտակվել մեկ օջախում, այդ պատճառով մի մարդը կարող է բոտուլիզմով վարակվել, իսկ մյուսը` ոչ, չնայած նրանք նույն պահածոն են կերել:






