Փետրվարի 15-ին աշխարհի ավելի քան 40 երկրներում նշում են քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը՝ օր, որը օրացույցում հայտնվել է Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Մանկական քաղցկեղի խնդրի արդիականությունը, ցավոք, տարեցտարի աճում է: Ըստ ԱՀԿ վիճակագրության, աշխարհոմ տարեկան մոտավորապես 250 000 երեխա է հիվանդանում քաղցկեղով, 90 000 մահանում է: Ավելին, եթե առաջ երեխաների մոտ հիմնականում լեյկեմիա ու լիմֆոմա էր ախտորոշվում, ապա այսօր նրանց մոտ գրանցվում են նույնիսկ այնպիսի «մեծական» հիվանդություններ, ինչպիսիք են թոքերի ու կրծքագեղձի քաղցկեղը:

Ուռուցքաբանական հիվանդությունների հաջող բուժման երաշխիքը՝ այդ թվում երեխաների դեպքում, համարվում է վաղ ախտորոշումը. եթե հիվանդությունը հայտնաբերվում է առաջին ու երկրորդ փուլերում, բուժումը կարող է շատ արդյունավետ լինել: Սակայն խնդիրն այն է,  որ քաղցկեղի դեպքերի մեկ տասներորդ մասը հայտնաբերվում է երրորդ փուլում, իսկ երեխաների 8 տոկոսի մոտ քաղցկեղը ախտորոշվում է չորրորդ փուլում, ինչը բարդացնում ու զգալիորեն քչացնում է բարենպաստ ելքի հավանականությունը:

Զարգացած երկրներում հիմա ապաքինվում է քաղցկեղով հիվանդ 4 երեխաներից 3-ը: Զարգացող երկրներում ապաքինվում է 4-ից մեկը, բայց հենց այդ երկրներում են ապրում ուռուցքաբանական հիվանդություններով տառապող երեխաների 80 տոկոսը:

Հայաստանում 2014 թ. 0-14 տարեկան երեխաների մոտ բացահայտվել է քաղցկեղի 37 նոր դեպք, ու 16 նոր դեպք էլ՝ 15-17 տարեկանների մոտ: 2015 թ. տվյալները դեռ չկան:

Հայաստանում մինչեւ 18 տարեկան երեխաների մոտ ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում: Սակայն կան թանկարժեք դեղամիջոցներ, որոնք պետպատվերի մեջ չեն մտնում: Նման դեղամիջոցներ գնելուն, նաեւ բուժման նպատակով որոշ երեխաների արտասահման ուղարկելուն վերջին չորս տարիներին օգնել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որը ղեկավարում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: 2011-2015թթ. հիմնադրամը վճարել է քաղցկեղով հիվանդ 452 երեխաների բուժման համար՝ դրա համար ծախսելով 859 միլիոն դրամ: