Չափահասների մոտ քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ կան, որոնց թվում կարեւոր տեղ են զբաղեցնում ծխելուց հրաժարումը, արեւապաշտպան միջոցների օգտագործումը եւ ճիշտ սնվելը: Իսկ ի՞նչ է հնարավոր անել երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունները կանխարգելելու համար:
Ինչպես նշել է «Քաղցկեղով հիվանդ երեխաների բարեկամներ» ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանը, երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունների զարգացման պատճառները հիմնականում անհայտ են. ընդամենը տեսություններ կան: Սակայն որոշ միջոցներ կարող են գոնե կրճատել այդ եւ շատ այլ հիվանդությունների զարգացման վտանգը: Մասնավորապես, ինչպես նշել է մասնագետը, ծնողներին խորհուրդ է տրվում առողջ կենսակերպ վարել. ճիշտ սնվել, չարեւահարվել եւ իհարկե չծխել, չէ՞ որ ծնողների կենսակերպը եւ առողջական վիճակն իր հետքն է թողնում նաեւ նրանց երեխաների վրա:
Իր կենսակերպին հատուկ ուշադրություն պիտի դարձնի հղի կինը. ինչպես նշել է Գրիգոր Բադալյանը, հղի կնոջ ձեռքում ծխախոտը կարող է մեծացնել նրա երեխայի մոտ ոչ միայն քաղցկեղի, այլեւ շատ այլ հիվանդությունների զարգացման վտանգը:
Ուռուցքաբան Արաքսյա Հովհաննիսյանը եւս ընդգծել է երեխաների քաղցկեղի կանխարգելման համար նրանց ծնողների ակտիվ կենսակերպի կարեւորությունը, որովհետեւ շատ դեպքերում երեխաների մոտ քաղցկեղը բնածին է լինում. այն ի հայտ է գալիս դեռեւս ներարգանդային զարգացման գործընթացում (չի բացառվում, որ դա լինի արտաքին տարբեր գործոնների ազդեցությամբ, այդ թվում` ծնողների կենսակերպի), բայց ի հայտ է գալիս արդեն երեխայի ծննդից հետո:
Շրջակա միջավայրը, օդի աղտոտվածությունը եւս կարող են դեր խաղալ երեխաների մոտ քաղցկեղի զարգացման գործում: Ժառանգական գործոնը եւս կարող է ազդել. սակայն, ինչպես նշել է Գրիգոր Բադալյանը, ժառանգական եղանակով քաղցկեղի ընդամենը փոքրաթիվ տեսակներ են փոխանցվում. հիմնականում դա ռետինոբլասթոման է (աչքերի քաղցկեղը) եւ նեյրոֆիբրոմատոզը (բարորակ ուռուցքը, որը կարող է վերածել չարորակ նեյրոֆիբրոսարկոմայի):
Աշխարհի տարբեր երկրների մասնագետներն իրենց` երեխաներին քաղցկեղի կանխարգելման համար խորհուրդ են տալիս ճիշտ սնվել եւ մաշկը պաշտպանել ճառագայթների ազդեցությունից: Եվ իհարկե, որքան ավելի հեռու մնան երեխաները ծխախոտի ծխից, այնքան դա լավ կլինի նրանց առողջության համար:






