Որքա՞ն հաճախակի է պետք չափել ճնշումը եւ ստուգել սիրտը սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելելու համար: 

Ինչպես նշել է սրտաբան Միքայել Ադամյանը, ամեն ինչ կախված է հիվանդի տարիքից եւ առողջության վիճակից: Եթե երիտասարդները առողջ կենսակերպ են վարում եւ ոչ մի անհանգստացնող ախտանիշ չունեն, չարժե, որ անհանգստանան սրտի համար: Սակայն ավելի տարիքով մարդիկ արժե, որ մտածեն կանխարգելիչ ստուգումների մասին: 

Սրտաբանի կարծիքով, ցանկալի է, որ տղամարդիկ 40 տարեկանից հետո ժամանակ առ ժամանակ չափեն ճնշումը եւ ստուգեն սիրտը, իսկ կանայք` 45 տարեկանից հետո: Դեպքերի մեծ մասում բավարար կլինի մասնագետի հետ կոնսուլտացիան եւ էլեկտրակարդիոգրամմա անելը: Լրացուցիչ հետազոտություն բժիշկը կնշանակի արդեն անհրաժեշտության դեպքում:  

Ինչ վերաբերում է ճնշմանը, սրտաբանը 40 տարեկանից մեծ տղամարդկանց եւ 45  տարեկանից մեծ կանանց խորհուրդ է տալիս ամիսը գոնե մի քանի անգամ չափել ճնշումը, նույնիսկ եթե ոչ մի անհանգստացնող ախտանիշ չկա: Շատ մարդիկ չեն զգում, որ իրենք բարձր ճնշում ունեն, բայց դրանից դա չի դադարում վտանգավոր լինել: 

Խորհուրդ է տրվում նաեւ ճնշումը չափել ցանկացած անհանգստացնող ախտանիշի առկայության դեպքում, օրինակ` գլխացավի: Եթե ճնշումը բարձր է, խորհուրդ է տրվում բժշկի դիմել` կանխելու դրա պատճառով այլ խնդիրների եւ հիվանդությունների զարգացումը: 

Եթե հիվանդը, անկախ տարիքից, զգում է, որ սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիր ունի, ցանկալի է հնարավորինս արագ բժշկի դիմել, ոչ թե մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի: Որքան ավելի արագ ախտորոշվի հիվանդությունը, այնքան ավելի հեշտ եւ էժան կլինի դրա բուժումը, հիշեցնում է մասնագետը: