Երիտասարդ տղամարդկանց պահվածքը եւ սեքսին նրանց վերաբերմունքը կարող է ցույց տալ, թե նրանք ապագայում ինչպիսի հայրեր կլինեն, պնդում են Northwestern University-ի գիտնականները:
Քրեյգ Հարֆիլդը եւ իր գործընկերները հետազոտության ընթացքում պարզել են, որ սեքսին իմիջիայլոց վերաբերմունք ունեցող, զուգընկերոջ ընտրության հարցում խտրականություն չդնող եւ հակաբեղմնավորման մասին չմտածող տղաները սովորաբար վատ հայրեր են դառնում, որոնք չեն ապրում իրենց երեխաների հետ:
Գիտնականների խումբը հարցում է իրականացրել 10 253 պատանու եւ երիտասարդ տղամարդու շրջանում` պարզելու սեքսի նկատմամբ նրանց վերաբերմունքը. օրինակ` մտածո՞ւմ են արդյոք, որ ընկերներն իրենց ավելի կհարգեն, եթե իմանան, որ իրենք սեռական փորձառություն են ունեցել, կարծո՞ւմ են, որ հակաբեղմնավորիչները սեքսը պակաս հաճելի են դարձնում, մտածո՞ւմ են, որ սարսափելի ոչինչ չի լինի, նույնիսկ եթե իրենց անչափահաս ընկերուհին հղիանա:
20 տարի անց գիտնականները պարզել են, թե ինչ են դարձել իրենց հարցմանը մասնակցած տղամարդիկ, ինչպես են այժմ ապրում, ունեն արդյոք երեխաներ, եթե այո, երբ են ծնվել նրանք, արդյոք միասին են ապրում: Պարզվել է, որ նրանք, ովքեր պատանեկան հասակում ավելի ռիսկային պահվածք են ունեցել, 30 տոկոսով ավելի հաճախակի են չծրագրված երեխաների հայրեր դարձել եւ առանձին են ապրել` իրենց երեխաներից հեռու: Ավելին, այն տղամարդիկ, ովքեր պատանեկան հասակում չպլանավորված երեխաներ են ունեցել, ավելի հազվադեպ են ավարտել դպրոցը, ավելի անպաշտպան չափահասներ են դարձել եւ ավելի քիչ են վաստակել:
Մյուս կողմից, այն տղաները, ովքեր լավ են հասկացել, թե հակաբեղմնավորիչներն ինչի համար են եւ սեքսին իմիջիայլոց վերաբերմունք չեն ունեցել, ավելի հազվադեպ են պատանեկան հասակում ծնող դարձել, իսկ չափահաս տարիքում ավելի հազվադեպ են դարձել իրենց երեխաներից հեռու ապրող ծնողներ:
Հեղինակների խոսքով, հետազոտությունն ապացուցում է, թե պատանիների կյանքում ինչ կարեւոր դեր կարող է խաղալ սեռական կրթությունը եւ հակաբեղմնավորման եւ անվտանգության վերաբերյալ համարժեք, գրագետ տեղեկատվության առկայությունը:






