Աբորտները շատ վտանգավոր են կնոջ առողջության համար, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պաշտպանվել անցանկալի հղիությունից, որպեսզի աբորտի անհրաժեշտություն չլինի:  Սակայն բոլորովին էլ ոչ բոլոր զույգերն են ուզում պահպանակներ օգտագործել եւ ոչ բոլոր բժիշկներն են դրականորեն վերաբերվում ներարգանդային պարույրներին: Լավ այլընտրանք կարող են թվալ բերանից ընդունվող հակաբեղմնավորիչները (այսպես կոչված ՕՀ): Բայց շատ կանայք, լսելով, որ այդ դեղամիջոցները հորմոնային են, վախենում են խմել դրանք: Որքանո՞վ հիմնավոր են նրանց վախերը եւ իրո՞ք վտանգավոր են նման հակաբեղմնավորիչները:  

Ինչպես նշել է գինեկոլոգ Նելլի Ավագյանը, հորմոնային հակաբեղմնավորիչներն անվտանգ են, եթե դրանք բժիշկն է նշանակել եւ եթե հիվանդը դրանք ճիշտ է ընդունում` հստակորեն հետեւելով բոլոր հրահանգներին: ՕՀ-ի ընդունման համար մի շարք լուրջ հակացուցումներ կան (օրինակ` ծխող կանայք պիտի ծայրաստիճան զգույշ լինեն, որոշ հիվանդությունների դեպքում եւս այդ դեղամիջոցները հակացուցված են), այդ պատճառով միայն բժիշկը կարող է որոշել` կոնկրետ կնոջը թույլատրելի՞ է այդ դեղամիջոցների ընդունումը: Բժիշկը կարող է նաեւ բացատրել, թե երբ եւ որ ժամին է պետք ընդունել դրանք: 

Հորմոնային հակաբեղմնավորիչները կարո՞ղ են ազդել հղիության եւ երեխայի առողջության վրա: Այդ հարցին պատասխանելու համար ցանկալի է հասկանալ, թե ինչպես են գործում այդ դեղամիջոցները:  Դրսից ստացվող հորմոնները ճնշում են ձվարանների աշխատանքը, ինչի արդյունքում ձվազատում տեղի չի ունենում եւ մի շարք այլ փոփոխություններ են կատարվում, որոնք խոչընդոտում են հղիությանը: Երբ կինը դադարում է ՕՀ ընդունել, նրա մոտ ձվազատումը վերականգնվում է եւ նա կարող է հղիանալ:  

Եթե զույգը նախատեսել է երեխա ունենալ, կինը պիտի ուղղակի վերջացնի հակաբեղմնավորիչների այդ տուփը  (դա պարտադիր պայման է, չի կարելի  տուփը չխմած թողնել), եւ հաջորդ ամսում նա տեսականորեն կկարողանա հղիանալ:  Դեղահաբերը ոչ մի խնդիր չեն ստեղծում ոչ նրա, ոչ էլ պտղի համար, վստահեցնում է մասնագետը: Սակայն կուրսը ամսի կեսին դադարեցնել ոչ մի դեպքում չի կարելի, հակառակ դեպքում կնոջ մոտ կարող են հորմոնային խանգարումներ սկսվել: 

Նման բան, ցավոք սրտի, հաճախ է տեղի ունենում հայկական գյուղերում, որտեղ կանայք,  բժշկի հետ չխորհրդակցելով, հակաբեղմնավորիչներ են գնում մոտակա դեղատնից, մի քանի օր խմում են, կուրսը չեն վերջացնում, չնայած ոչ մի դեպքում չի կարելի այդպես վարվել: Արդյունքում այդ դեղամիջոցների սխալ օգտագործման հետեւանքով նրանք վնաս են հասցնում իրենց առողջությանը, չնայած այդ դեղամիջոցների գրագետ օգտագործումը եւ բժշկի խորհուրդներին հետեւելը ոչ միայն կապահովագրեր նրանց առողջությունը, այլեւ արդյունավետորեն կպաշտպաներ անցանկալի հղիությունից: