Հայաստանում բժշկությունը լավ զարգացած է, եւ շատ բժիշկներ լավ նախապատրաստված են եւ ունեն բոլոր անհրաժեշտ հմտությունները: Սակայն քանի որ Հայաստանում կլինիկաներն այնքան մեծ չեն, որքան Եվրոպայում, հայ բժիշկներին պակասում է «քանակական» փորձը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել Cattolica del Sacro Cuore համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան Ռոկկո Բելլանտոնեն եւ Agostino Gemelli (Իտալիա) համալսարանական հիվանդանոցի գլխավոր մենեջեր Էնրիկո Զամպրեդին:
Մասնագետների խոսքով, փոքր հիվանդանոցներում բարդ է նեղ մասնագետներ ունենալը, այդ պատճառով նման կլինիկաներում վիրաբույժները սովորաբար ամենատարբեր վիրահատություններ են կատարում: Իսկ խոշոր կլինիկաներում, որտեղ ամեն տարի հարյուր հազարավոր հիվանդներ են սպասարկվում, վիրաբույժները կարող են մասնագիտանալ առանձին մի ոլորտում, օրինակ` շագանակագեղձի (ինքը` Ռոկկո Բելլանտոնեն մասնագիտացած է հենց այդպիսի վիրահատությունների մեջ), ենթաստամոքսային գեղձի եւ այլն:
Ինչպես նշել են մասնագետները, ամեն տարի 30-40 000 հազար ուռուցքային հիվանդ է այցելում Agostino Gemelli, այդ պատճառով կլինիկայում քաղցկեղի ամեն տարատեսակի համար առանձին մասնագետներ կան: Նաեւ` տարեկան վահանաձեւ գեղձի մոտ 2000 վիրահատություն են կատարում, ինչի շնորհիվ այդ ոլորտում աշխատող բժիշկները հսկայական փորձ ունեն: Հայաստանում, համեմատության համար, տարեկան քաղցկեղի 1000 նոր դեպք է հայտնաբերվում, իսկ վահանաձեւ գեղձի վիրահատություններն ընդհանրապես մատների վրա կարելի է հաշվել:
Մասնագետների կարծիքով, Իտալիայի հետ համագործակցությունը կարող է խթան լինել Հայաստանում բժշկական ծառայությունների որակի բարելավման համար, ավելին` իտալացի մասնագետները կարող են հայ գործընկերներին ներկայացնել իրենց «քանակական» փորձը եւ նպաստել այստեղ նեղ մասնագետների ձեւավորմանը:
Նրանց խոսքով, իտալացի մասնագետները հայկական հիվանդանոցներից լավ տպավորություն ունեն: Նրանք կարծիքով, այստեղ` Հայաստանում հնարավոր բոլոր ջանքերը գործադրվում են նոր տեխնոլոգիաների, օրինակ` ուռուցքաբանության եւ սրտաբանության ոլորտում քիչ ինվազիվ տեխնոլոգիաների ներդրման համար, եւ դա շատ լավ է: Բացի այդ, շատ հիվանդանոցներ լավ զինված են, շատ ժամանակակից սարքավորումներ ունեն, իսկ տարածքներում մաքուր է եւ գեղեցիկ:
Ճիշտ է, բոլորովին էլ ոչ բոլոր տեխնոլոգիաներն են արդեն օգտագործվում Հայաստանում: Եվրոպական մեծ հիվանդանոցները, օրինակ, նույն` Agostino Gemelli-ն, հսկայական բյուջե ունեն, որը շատ հնարավորություններ է տալիս, այդ թվում` թանկարժեք սարքավորումների գնման: Փոքր հիվանդանոցների համար անհամեմատ ավելի բարդ է թանկարժեք տեխնիկա գնելը:
Հիշեցնենք, որ Agostino Gemelli-ի ներկայացուցիչները Հայաստան իրենց այցի ընթացքում Հայաստանի Առողջապահության նախարարության, բժշկական համալսարանի եւ հայկական կլինիկաներից մեկի հետ համագործակցության հուշագիր են ստորագրել:






