Երբ Մեծ Բրիտանիայում 1940-ին ծնվեց Քեննի Քրիջը, որը Դաունի համախտանիշ ուներ, նրա նման մարդիկ հազվադեպ էին հասնում պատանեկան տարիքի: Այսօր սակայն Քեննին աշխարհում այդ համախտանիշն ունեցող ամենածեր մարդն է: Նա նույնիսկ վերապրել է իր երկվորյակ քրոջը եւ եղբորը:
Դեռեւս 2008-ին Քեննիի անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում, նա Դաունի համախտանիշով ամենածեր մարդու անվանական հավաստագիր եւ տիտղոս է ստացել: Բայց այսօր, 8 տարի անց, նա դեռեւս պահպանում է ամուր առողջությունը` ապրելով Սոմերսեթի կոմսությունում գտնվող ծերանոցում:
«Այժմ Դաունի համախտանիշով մարդիկ համարժեք բուժում են ստանում եւ հարգանքի են արժանանում, ասել է Քեննիի զարմուհին` 45-ամյա Մերի Շոթոնը: Բայց քեռուս մանկության եւ պատանեկության ժամանակներում բոլորովին էլ այդպես չէր: Տատիկս ստիպված է եղել շատ ճակատամարտեր մղել` մեծացնելու որդուն, որին նվիրել է իր ամբողջ կյանքը»:
Քեննիի մայրը չգիտեր, որ երկվորյակ է ունենալու: Ծնվելիս Քեննին կյանքի նշաններ ցույց չտվեց, եւ բժիշկները կարծեցին, թե նա մեռած է ծնվել: Նրանից հետո քույրը ծնվեց, եւ հիվանդանոցի աշխատակազմը նրանով էր զբաղված, սակայն շուտով Քեննին սկսեց կյանքի նշաններ ցույց տալ:
Քեննին մոր հետ էր ապրում մինչեւ նրա մահը` 90 եւ ավելի տարեկանից հետո: Հետո որոշ ժամանակ զարմիկի` Քեւինի հետ անցկացրեց, ինչից հետո տեղափոխվեց ծերանոց, որտեղ ապրում է արդեն 3 տարի: Այդ հաստատության անձնակազմը իր բացառիկ հիվանդին «իսկական ջենթլմեն» եւ «սքանչելիք» է կոչում:
Քեննին առաջվա պես սիրում է շրթհարմոն նվագել, սիրում է քաղցրեղեն եւ կատակում է ծերանոցի բնակիչների հետ: Չնայած բանավոր շփման նրա հնարավորությունները սահմանափակ են, Քեննին միեւնույն է` սիրում է զրուցել եւ հումորի զարգացած զգացում ունի:






