Չնայած տարածված կարծիքին, հակադրություններն իրար չեն ձգում, պնդում են Բոսթոնի Wellesley College-ի հետազոտողները: Իրականում մարդիկ ձգտում են դեպի նրանք, ովքեր ավելի նման են իրենց եւ ամենից երկար միասին մնում են այն զույգերը, որոնք ընդհանուր հետաքրքրություններ ունեն:  

Նման եզրակացության հանգելու համար հետազոտողներն ամենատարբեր զույգերի են ուսումնասիրել` ներառյալ նրանք, որոնք հենց նոր էին ծանոթացել, ինչպես նաեւ երկարատեւ հարաբերություններ ունեցողներին եւ ուղղակի ընկերներին:  Պարզվել է, որ իրար վաղուց ճանաչող մարդիկ ժամանակի հետ իրար չեն փոխում. եթե զույգն ընդհանուր հետաքրքրություններ ունի, նրանք երկարատեւ հարաբերություններ ունենալու ավելի մեծ շանսեր ունեն, քան նրանք, ովքեր ի սկզբանե ընդհանուր քիչ բան ունեին: 

«Պատկերացրեք ինքնաթիռում հենց նոր ծանոթացած մարդկանց կամ էլ այսպես կոչված կույր ժամադրության գնացած զույգին, ասել է հետազոտության հեղինակ, սոցիոլոգիայի պրոֆեսոր Անժելա Բանսը: Շփման հենց առաջին պահերից այդ մարդկանց հետաքրքրությունների նմանությունը շատ կարեւոր դեր է խաղում: Դուք հաղորդակցություն եք կառուցում այն դեպքում միայն, եթե ձեզ հարմարավետ եք զգում այդ մարդու հետ, եթե նա համապատասխանում է ձեր շահերին: Հենց այդ պատճառով հակադրություններն իրար չեն ձգում, այլ վանում են»:

Հետազոտությունը ցույց է տվել, որ առավել հաջողակ հարաբերությունները` ինչպես սիրային, այնպես էլ ընկերական, կարելի է կառուցել այն մարդու հետ, որի հետ Դուք շատ ընդհանուր բան ունեք: Առավել կարեւոր են ընդհանուր հայացքները նրան, ինչը Ձեր կյանքում կարեւոր նշանակություն ունի: