Բանգլադեշի 25-ամյա բնակիչ Աբուլ Բանջադրան, որին մարդ-ծառ են կոչել ձեռքերին եւ ոտքերին աճող ծառի կեղեւ հիշեցնող գորտնուկների պատճառով, հաջողությամբ վիրահատվել է այդ պալարների հեռացման նպատակով:  

Աբուլ Բանջարան ձեռքերին առաջին անգամ գորտնուկներ նկատեց, երբ անչափահաս էր: Գոյացությունները սկսեցին աճել, երբ նրա ձեռքին կտրվածք առաջացավ: Տղան բազմիցս դիմել էր բժիշկներին, բայց վերջիններս ոչնչով չէին կարողանում օգնել նրան:  Այսօրվա դրությամբ բժշկության մեջ տվյալ հիվանդության արդյունավետ բուժման ոչ մի միջոց գոյություն չունի: 

Աբուլը տառապում է գորտնուկաձեւ էպիդերմոդիսպլազիայից:  Մաշկի այդ հազվագյուտ ժառանգական խանգարումն առաջանում է մարդու պապիլլոմավիրուսի վարակից եւ կարող է պիգմենտացիայի եւ նորագոյացությունների հանգեցնել:  Բժիշկները որոշեցին հիվանդին վիրահատել այն բանից հետո միայն, երբ հաստատեցին, որ նրա մարմնի պալարները  չարորակ չեն: Բանգլադեշի կառավարությունը համաձայնեց վճարել բուժման համար:  

Վիրատությունը տեղի ունեցավ փետրվարի 19-ին` Դակկայի քոլեջի բժշկական հոսպիտալում: Աբուլի վիրահատությունը մոտ երեք ու կես ժամ տեւեց: Նրա աջ ձեռքի պալարները հեռացվեցին բժիշկների ինը հոգանոց խմբի կողմից: Ամեն ինչ լավ անցավ: Այրվածքային եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Աբուլ Քալամը նշել է, որ հիվանդի ձախ ձեռքի վիրահատությունը տեղի կունենա երեք շաբաթից: Սակայն նա չի բացառում, որ, անկախ արդյունքից, կոնդիլոմաները նորից կհայտնվեն: