Հայաստանի առողջապահության համակարգում ազգային քաղաքականությունը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության   «Health 2020» ծրագրին համապատասխան, որի հիմնական նպատակը բնակչության առողջության եւ բարեկեցության ապահովումն է: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյի ղեկավար Պիրոժկա Օստլինը: 

Նրա խոսքով, Health 2020 ծրագրում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում հանրային առողջության պահպանումը եւ առողջապահության ոլորտում միջոլորտային գործողությունների միջոցով անհավասարության նվազեցումը: 

Ինչպես նշել է Պիրոժկա Օստլինը, ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակը պատրաստ է աջակցել Հայաստանում հանրային առողջության պահպանմանն ուղղված առողջապահական քաղաքականության ներդրմանը. «Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ գործիքները` աջակցելու բնակչության առողջության բարելավման ուղղությամբ Հայաստանի ջանքերին»:

Հանրային առողջապահության քաղաքականության եւ ծրագրերի հաջող ներդրման համար ժամանակ է անհրաժեշտ. անհնար է դա անել մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա ընթացքում, ընդգծել է Պիրոժկա Օստլինը: Իսկ այդ ծրագրի արդյունքները եւ արդյունավետությունը գնահատելու համար տարիներ կպահանջվեն:  

ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերներ» համաժողովի կարեւորությունը, որն այսօր մեկնարկել է Երեւանում   6 երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ: Այդ ծրագիրը, Պիրոժկա Օստլինի խոսքով, հարթակ է ստեղծել այլ երկրների հետ առողջապահության ոլորտի լուրջ հարցեր քննարկելու համար: