Իրանում առողջապահության ոլորտին հատկացվում է երկրի բյուջեի 16%-ը: Առողջապահության նախարարությունը ֆինանսավորման ծավալով երկրի երկրորդ գերատեսչությունն է, իսկ բնակչության 98%-ը պետական բժշկական ապահովագրություն ունի: Հանրային առողջապահության հարցերին նվիրված նախարարական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին:

Նրա խոսքով, Իրանում առողջապահական համակարգն այսպիսին է. գյուղական շրջաններում յուրաքանչյուր 1500 մարդուն մեկ, այսպես կոչված, Առողջության տուն է բաժին հասնում, որտեղ տարբեր մասնագետներ են աշխատում, եւ մարդիկ կարող են առաջնային բժշկական ծառայություններ ստանալ: Քաղաքներում այդպիսի կենտրոնները նախատեսված են 12.500 մարդու համար: Գյուղերում յուրաքանչյուր 5 Առողջության տանը մեկ բուժկենտրոն է բաժին ընկնում, քաղաքներում՝ յուրաքանչյուր 3-ին: Ընդհանուր առմամբ, Իրանում 900 հիվանդանոց կա:

Նախարարի խոսքով, Իրանում նաեւ բնակչության բուժթերթիկների էլեկտրոնային բազա է ստեղծվել, որոնցում պահվում են քաղաքացիների առողջության մասին բոլոր տվյալները: Յուրաքանչյուր 2000 մարդու համար մեկ խորհրդատու է նախատեսված, որը խորհուրդներ է տալիս առողջական խնդիրներից խուսափելու ձեւերի եւ միջոցների մասին:

Հասան Հաշեմին պարզաբանեց, որ Իրանում առողջապահությունը գրեթե անվճար է: Գյուղական շրջանների բնակիչները վճարում են կլինիկական ծառայությունների 3%-ը, քաղաքաբնակները՝ 6%-ը:

Խոսելով Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի մասին՝ իրանցի նախարարն ընդգծեց, որ արդեն պայմանավորվածություն կա բժշկական տուրիզմի եւ դեղորայքի շրջանառության ոլորտներում համագործակցության մասին: Իրանում տեղական դեղորայքի արտադրությունն ապահովում է շուկայի պահանջարկի 96%-ը, երկիրը նաեւ արտահանում է սեփական դեղամիջոցները, եւ առաջիկայում դրանք կմատակարարվեն նաեւ Հայաստանին: