• Latest news

6 երկրի առողջապահության նախարարները հավաքվել են հանրային առողջության խնդիրները քննարկելու (ֆոտո)

1 մարտի, 2016  12:50

Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները լուրջ մարտահրավերներ էին հանրային առողջապահության համար, բայց պակաս լուրջ մարտահրավերներ չեն այսօր վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունները: Այսօր աշխարհում 40 մլն մարդ մեռնում է ոչ վարակիչ հիվանդություններից, նրանցից  18 մլն-ը վաղաժամ է մահանում. այդ մարդիկ դեռ երիտասարդ էին եւ կարող էին օգտակար լինել իրենց ընտանիքների եւ երկրների համար: Այդ մասին այսօր ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ելույթ ունենալով  «Հանրային առողջության նոր մարտահրավերներ» միջազգային նախարարական համաժողովին:  

Նախարարական համաժողովը մեկնարկել է այսօր` մարտի  1-ին, Երեւանում, եւ դրան մասնակցելու համար Հայաստան է եկել Ռուսաստանի առողջապահության նախարար  Վերոնիկա Սկվորցովան, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական գործերի նախարար Դավիթ Սերգեյենկոն, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոն, Ղազախստանի առողջապահության փոխնախարար Ելժան Բիրտանովը եւ նրանց գլխավորած պատվիրակությունները: Պատվավոր հյուրերի թվում է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության պետ Պիրոժկա Օստլինը:  

Համաժողովի հիմնական նպատակը հանրային առողջապահության ոլորտի հարցերի քննարկումը եւ այդ խնդիրների լուծման ընդհանուր մոտեցումների մշակումն է:  Տարբեր երկրներից մասնագետները կքննարկեն առողջ կենսակերպի ներդրման, ճիշտ սննդի եւ ֆիզիկական ակտիվության խրախուսման, ինչպես  նաեւ ծխելու եւ ալկոհոլի չարաշահման դեմ պայքարի հարցեր: 

Համաժողովի հյուրերին եւ մասնակիցներին ողջունել է նաեւ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն իր ելույթում ընդգծել է հանրային առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի կարեւորությունը: Հայաստանում իրականացվող առավել հաջողված ծրագրերից նա ընդգծել է իմունոկանխարգելման, սննդի աղի յոդացման միջոցառումները եւ առավել տարածված 3 ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ծրագիրը: 

Ինչպես նշել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը,  20-րդ դարի սկզբին կյանքի միջին տեւողությունը  40-45 տարի էր կազմում: Այսօր այն կրկնակի աճել է եւ մոտ 70-75 տարի է կազմում (որոշ երկրներում` ավելի քան 80 տարի): Ճիշտ է, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են լուրջ խնդիր մնալ աշխարհի բոլոր երկրներում, եւ եթե այսօր հաջողվում է վարակիչ հիվանդությունները վերահսկողության տակ պահել իմունոկանխարգելման եւ շատ այլ ծրագրերի շնորհիվ, ոչ վարակիչները շարունակում են միլիոնավոր կյանքեր խլել: 

Հայաստանում, օրինակ, մահերի մոտ 80 տոկոսի պատճառը սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններն են, դիաբետի պատճառով բարդացումները: Չնայած այն բանին, որ երկրում 2004-ից ի վեր ծխելու դեմ պայքար է ընթանում, տղամարդկանց մոտ 55, երեխաների` 8-9 տոկոսը եւ շատ կանայք շարունակում են ծխել, ինչն ընդամենը նպաստում է վերը թվարկված հիվանդությունների զարգացմանը: Ավելին, բնակչության մոտ 49 տոկոսն ավելորդ քաշի խնդիր ունի: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը, դեռեւս 1978-ին Ալմա Աթայի համաժողովին հռչակագիր է ընդունվել, որի համաձայն, առողջապահության մեջ կարեւորագույն դեր պիտի խաղան կանխարգելումը եւ առաջնային օգնությունը, ոչ թե ախտորոշումը եւ բուժումը: Այդ ժամանակվանից շատ տարիներ են անցել, սակայն այսօր ֆինանսական ռեսուրսների 95-97 տոկոսը դեռեւս ուղղվում է հենց ախտորոշմանը եւ բուժմանը, ինչն այնքան էլ արդյունավետ չէ շատ պատճառներով. չէ՞ որ ավելի կարեւոր է պահպանել առողջությունը, քանի դեռ կա, որպեսզի բուժման եւ ախտորոշման անհրաժեշտություն հնարավորինս քիչ լինի: 

Համաժողովի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները համատեղ հռչակագիր կստորագրեն, որը հաստատում է  հանրային առողջապահության ոլորտում խնդիրների լուծման նպատակով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել