Բորբոքումները հնարավոր է բուժել նանոմասնիկների միջոցով: Բորբոքային հիվանդությունների բուժումը մարդու օրգանիզմ դեղի ներմուծման նոր մեթոդի շնորհիվ կարող է դառնալ ավելի ճշգրիտ եւ արդյունավետ: Նոր մեթոդի հեղինակներն ամերիկացի գիտնականներն են:

Մեր օրերում ուսումնասիրությունները նանոմասնիկների ոլորտում շատ տարածված են, հայտնում է Medical News-ը: Նանոմասնիկները փոքրիկ օբյեկտներ են, որոնք շարժման եւ հատկությունների տեսանկյունից իրենց դրսեւորում են որպես մեկ ամբողջություն եւ օգտագործվում են բժշկության բոլոր բնագավառներում:

Դրանք օգտագործում են դեղամիջոցների ներմուծման, հիվանդությունների հայտնաբերման համար, հյուսվածքային ճարտարագիտության մեջ եւ նույնիսկ ուռուցքների վերացման համար:

Չիկագոյի համալսարանի (Իլինոյս) հետազոտողները նանոմասնիկներ են ստացել սպիտակուցային փոքրիկ տարրերից:

Դրանք կոչված են կպչելու հատուկ ընկալիչների, որոնք գտնվում են միայն նեյտրոֆիլների վրա: Դրանք իմունային բջիջների տիպ են, որոնք մասնակցում են սուր եւ քրոնիկ բորբոքային պատասխաններին:

Նորմալ իմունային պատասխանի դեպքում արյան մեջ շրջանառվող նեյտրոֆիլներն արձագանքում են վնասված արյունատար անոթների ազդանշաններին: Բջիջները սկսում են կուտակվել վնասված տեղում, որտեղ կլանում են բակտերիաները կամ աղտոտող մասերը: Իսկ ահա քրոնիկ բորբոքման ժամանակ նեյտրոֆիլները կուտակվում են՝ կպչելով անոթների պատերին եւ իրար՝ առաջացնելով հյուսվածքների վնասվածքներ:

Այդ կուտակումներն առանձնապես վտանգավոր են թոքերի վնասվածքների դեպքում՝ դրանք կարող են շնչառական լուրջ խնդիրներ առաջացնել: Թոքերում այսպիսի բորբոքման դեպքում հիվանդների մինչեւ 50%-ը մահանում է, եթե այն չբուժվի:

«Նանոմասնիկները շատ նման են տրոյական ձիու: Դրանք կապվում են ընկալիչներին, որոնք գտնվում են միայն այդ ակտիվացված նեյտրոֆիլերի վրա»,- բացատրում է հետազոտության առաջատար հեղինակ պրոֆեսոր Ասրար Բ. Մալիկը:

Պրոֆեսոր Մալիկը եւ նրա գործընկերները նանոմասնիկները փորձարկել են անոթային բորբոքումներով մկների վրա՝ մասնիկների առաջընթացին հետեւելու համար օգտագործելով ֆլյուորեսցենտային ներկ: Նրանք նկատել են, որ նանոմասնիկները կապվում են միայն կլաստերային նեյտրոֆիլներին, դրանք չեն կապվում ցանկացած նեյտրոֆիլների, որոնք ազատորեն շրջանառվում են արյան մեջ: