Ալյուրը վիտամիններով եւ միկրոտարրերով հարստացնելու հարցը համալիր է եւ համակարգային վերլուծություն է պահանջում ե՛ւ տնտեսական, ե՛ւ առողջապահական տեսանկյունից: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոն, պատասխանելով այն հարցին, դիտարկվում է  արդյոք Վրաստանում ալյուրի հարստացման հարցը։

Նրա խոսքով, հարցի կարեւորության ըմբռնում կա, եւ երկու տարի առաջ Վրաստանում բոլոր հղի կանանց ֆոլաթթվի եւ երկաթի դեղորայքով ապահովելու ծրագիր է մեկնարկել:

«Կարծում եմ՝ դա շատ կարեւոր քայլ է, մենք շարունակում ենք ալյուրի հարստացման ծրագրի քննարկումներն ու վերլուծությունը: Բայց, միաժամանակ, քննարկում ենք նաեւ այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես կարելի է ճիշտ ձեւով վիտամիններ եւ միկրոտարրեր հասցնել բնակչության այն շերտերին, որոնք առաջնահերթ դրանց կարիքն ունեն»,- ասաց նախարարը:

Նա պարզաբանեց, որ տնտեսական խնդիրը մի կողմ թողնելու եւ հարցն առողջապահական տեսանկյունից դիտարկելու դեպքում ակնհայտ է դառնում, որ տարիքային տարբեր խմբերում վիտամինների եւ միկրոտարրերի պահանջը տարբեր է: Դրանք կենսական նշականություն ունեն երիտասարդների եւ հղի կանանց համար, մինչդեռ տարիքային մյուս խմբերում դրանց պահանջարկը զրոյի է հավասարվում:

«Այդ պատճառով հարկավոր է գտնել մի ուղի, որն այդ նյութերն առավելագույն արդյունավետորեն կհասցնի նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն. Որպես այլընտրանք դիտարկվում է, ինչպես ես արդեն ասացի, հղիներին անհրաժեշտ միջոցներով ապահովելը, ինչպես նաեւ սննդի հարստացումը, բայց ոչ ալյուրի»,- ասաց Դավիթ Սերգեենկոն:

Դավիթ Սերգեենկոն Երեւանում մասնակցում է «Հանրային առողջապահության մարտահրավերները» խորագրով նախարարական համաժողովին։