ԱՄՆ-ում գործող մինչեւ 21 տարեկաններին ալկոհոլ օգտագործել արգելող օրենքն օգնել է նվազեցնել հարբեցողությունը երիտասարդների շրջանում եւ հարբած վարորդների պատճառով տեղի ունեցող ավտոպատահարների թիվը: Տարբեր հետազոտությունների ուսումնասիրության հիման վրա այսպիսի եզրակցության են եկել պրոֆեսոր ԴեՋոնգը՝ Բոսթոնի համալսարանից եւ նրա գործընկերները:
Medical News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի բոլոր նահանգներում 1988-ից գործում է սպիրտային խմիչքների օգտագործման տարիքային սահմանափակում՝ մինչեւ 21 տարեկան անձանց արգելված է ալկոհոլային խմիչք գնել եւ հրապարակավ օգտագործել:
Սակայն 2006-ին այս դաշնային օրենքը վիճարկվեց: Choose Responsibility ոչ կոմերցիոն կազմակերպությունը սահմանագիծը մինչեւ 18-20 տարեկանը նվազեցնելու արշավ սկսեց: 2008-ին ամբողջ ԱՄՆ-ում համալսարանների եւ քոլեջների ռեկտորները ստեղծեցին «Ամետիստ» խումբը, որը կոչ էր անում վերանայել ընդունված օրենքը:
Պրոֆեսոր Ուլիյամ ԴեՋոնգի խոսքով՝ այդ արշավին էր բեւեռված բոլոր ԶԼՄ-ների մեծ ուշադրությունը: Սա առողջապահության ոլորտի փորձագետներին ստիպեց մինչեւ 21 տարեկան տարիքային սահմանափակման խելամտությունն ապացուցելու նպատակով նոր հետազոտություններ կատարել:
2011-ին կատարված հետազոտություններից մեկի տվյալներով՝ քոլեջների ուսանողների 36%-ը խոստովանել է, որ վերջին երկու շաբաթում խմել է 5 եւ ավելի բաժին ալկոհոլ:
ԴեՋոնգի խոսքով՝ երիտասարդները, միեւնույն է, կխմեն՝ չնայած տարիքային սահմանափակմանը, սակայն ապացուցված է, որ օրենքն օգնում է բնակչության այս շերտի շրջանում կրճատել ալկոհոլի հետ կապված մահերի թիվը:
Պրոֆեսորի պնդմամբ՝ պետք է ավելի լավ կազմակերպել երիտասարդներին ալկոհոլի վնասների եւ դեռահասության տարիքում ալկոհոլային խմիչքների օգտագործման վտանգավորության մասին տեղեկացնելու գործընթացը:






